Այս սպանությունը չի բացառվում, որ «պայթեցնի» տարածաշրջանը՝ դրա անկանխատեսելի հետևանքներով հանդերձ. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձել է Քասեմ Սոլեյմանի սպանությանը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սպանվել է Իրանի «Սև ասպետ» Քասեմ Սոլեյմանին:

Վերջինս հանդիսացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարը և մեծագույն զորահրամանատարի համբավ ուներ

Իրանում և նրա սահմաններից դուրս:

Այս սպանությունը չի բացառվում, որ «պայթեցնի» տարածաշրջանը՝ դրա անկանխատեսելի հետևանքներով հանդերձ:

Ինձ հետաքրքրում և անհանգտացնում է Հայաստանի պաշտպանական ու ռազմական համակարգի պոտենցիալը՝ այսպիսի որևէ սցենարի զարգացման դեպքում:

Հայաստանի գործող ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում, որպես արտաքին սպառնալիք, դիտարկվում է Էթնիկական հակամարտությունները, ներքին բախումները և ռազմական գործողությունները սահմանակից պետություններում՝ ընդգծելով, որ Հայաստանի համար նման զարգացումները կարող են ներկայացնել տարաբնույթ սպառնալիքներ` տարանցիկ ենթակառուցվածքների դեմ դիվերսիոն գործողություններից մինչև հարևան պետություններում ծավալվող ռազմական գործողությունների անդրսահմանային ներազդեցությունները:

Բացի այդ, նույն ռազմավարությամբ ընդգծված է, որ Հայաստանի ազգային անվտանգության համար անմիջական սպառնալիք կարող է դառնալ Իրանի հանդեպ միջազգային հանրության կողմից լայնածավալ տնտեսական պատժամիջոցների հնարավոր կիրառումը:

Իմ խորին համոզմամբ, Հայաստանը պարտավոր է պատրաստ լինել ցանկացած սցենարի՝ ապահովելու համար իր և Արցախի անվտանգությունը՝ հստակ արձանագրմամբ, որ Հայաստանի համար Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացումը պայմանավորված է էական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտիվ գործոններով` հարևանության հանգամանքով, պատմամշակութային կապերով, փոխադարձ տնտեսական շահերով:

Բացի այդ, Իրանի տարածքով են անցնում Հայաստանն արտաքին աշխարհին կապող տրանսպորտային երթուղիները: Այդ երթուղիների հնարավոր փակումը Հայաստանին կարող է հասցնել անվերականգնել վնասներ:

Բայց շատ ավելի կարևոր է արձանագրել, որ Իրանը ոչ միայն ընկալվում է Հայաստանի էներգետիկ անվտանգության այլընտրանքային աղբյուր, այլև հանդիսանալով տարածաշրջանի և իսլամական աշխարհի ծանրակշիռ ներկայացուցիչ,Արցախյան հակամարտության կարգավորման հարցում հիմնականում հանդես է բերել հավասարակշռված մոտեցում:

Ուստի այս իրողությունները ստիպում են Հայաստանին ցուցաբերել ծայրաստիճան զգուշավորություն՝ որևէ սցենարի զարգացման դեպքում բոլոր ասպեկտներով առավելագույնս ապահովել Հայաստանի անվտանգությունը…»։