Կառավարությունն ընդունեց առաջին և երկրորդ երեխայի ծննդյան նպաստը 300 հազար դրամ դարձնող որոշումը

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով Հայաստանում բարձրացնում են երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշումներն ընդունվել են ՀՀ կառավարության՝ հունվարի 9-ի նիստում:

Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50 հազար դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150 հազար դրամ:

Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300 հազար դրամ։

Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18 հազար դրամի փորախեն դարձնելով 26 հազար 500 դրամ։

Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։

Նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։

Այս ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի ավելի քան 4 միլիարդ 786 միլիոն դրամ։