«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել էր «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածքում խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիակնությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ են ձեռք բերվել լրագրողի մասնագիտական գործունեությանը առերևույթ խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1966 թվականին: Վերջինս  ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին