«Սիրելի տղաներ և աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք». Էդմոն Մարուքյանը՝ Իմ քայլի պատգամավորներին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների գործողություններին: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմն այսօր չձևավորվեց, քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին կազմի ձևավորման քվերակությանը: Այսպիսով, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած քննիչ հանձնաժողովը ստեղծվել է օրենքի ուժով, սակայն չկա հաստատված կազմ: Այսինքն՝ առաջացել է իրավական կազուս:

Մարուքյանն ասաց, որ իշխանությունը ինչ-որ բան է, որը կարող է փչացնել մարդուն, եթե մարդը կայացած չէ: «Եվ այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է և տրվում իշխանության գայթակղությանը»,- հավելեց նա:

Նա կոչ արեց մեծամասնության պատգամավորներին. «Ես ուզում եմ սթափության կոչ անել՝ սիրելի տղաներ և սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք, ձեզ նորմալ պահեք: Էն վստահությունն էլ, որ ունեք, բացարձակ չի, երկրորդ, դա չի նշանակում, որ կարող եք դրանից ձեր չափը չճանաչել»:

«Պատային վիճակ է, կա իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով, բայց չի կարող գործել, չկա կազմ, տապալված է: Եվ կազմի ձևավորումը տապալել է իշխանությունը: Մենք կմտածենք ինչ անենք, ամեն դեպքում կուսակցության խորհուրդը հայտարարություն է  նախապատրաստում այս գործողությունների վերաբերյալ, որն այսօր կտարածենք: Այստեղ մարդիկ կան, որ գլուխները կորցրել են, անգլուխ ձիավորի պես գնում են, բայց գլխի չեն, թե ուր են գնում: Եվ էտ գլուխները կորցրած մարդկանց պետք է բերել ու նստեցնել իրենց տեղը: Այս ամենի քաղաքական ամբողջ պատասխանատվությունը կրում է վարչապետը և այդ ամենի քաղաքական հետևանքները անմիջապես կզգա հենց ինքը»,- հայտարարեց Մարուքյանը: