ՀՀ-ում հոսպիտալացված 6 անձի լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսի նկատմամբ եղել են բացասական

Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը.  

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Ելնելով նշվածից առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից»,- ասված է հաղորդագրության մեջ: