Ոստիկանները չեն խախտել օրենքով սահմանված կարգը. փոխոստիկանապետը` բերման ենթարկելու դեպքերի մասին

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերում ոստիկանության գործողություններում օրենքի խախտում չի տեսնում:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Մովսիսյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով, մասնավորապես, փետրվարի 4-ին ոստիկանության կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու դեպքին:

«Եթե մենք ահազանգ ենք ստանում, անկախ անձից մենք անպայման պետք է արձագանքենք այդ ահազանգին և օրենքի սահմաններում գործողություններ կատարենք: Այն, ինչը որ արվել է, արվել է օրենքով, և օրենքը չի խախտվել»,- ասաց Մովսիսյանը:

Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: