«Ասեց՝ ափսոս, էսքան սիրուն աղջիկ ես, խի՞ ա կյանքը սենց դաժան եղել քո հանդեպ». Հաշմանդամություն ունեցող կանայք` խտրականության զոհեր

«Ասեց՝ ափսոս, էսքան սիրուն աղջիկ ես, խի՞ ա կյանքը սենց դաժան եղել քո հանդեպ». Հաշմանդամություն ունեցող կանայք` խտրականության զոհեր
«Ասեց՝ ափսոս, էսքան սիրուն աղջիկ ես, խի՞ ա կյանքը սենց դաժան եղել քո հանդեպ». Հաշմանդամություն ունեցող կանայք` խտրականության զոհեր

Նվարդը 29 տարեկան է,  շատ աղջիկների պես չի կարողանում սեթեւեթանքով քայլել, բարձրակրունկ կոշիկներ հագնել: Երիտասարդ աղջիկը տեղաշարժվելու խնդիր ունի. քայլում է առանց կողմնակի օգնության ու հենակների, սակայն աջ ոտքը դժվարությամբ է շարժում:

«Ինձ դպրոցում դասընկերներս «կաղլիկ Նվարդիկ» էին ասում: Նեղանում էի, լաց լինում, չէի ուզում դպրոց գնալ, բակ իջնել, մարդկանց աչքերին երեւալ: Բայց, ամբողջ կյանքումս հո՞ տանը նստած չէի մնալու, սովորեցի արհամարհել այդ մականունը, սկսեցի լավ սովորել, շատերն իմ օգնության կարիքն ունեին, դասընկերներս արտագրում էին ինձանից տնայիններն ու ստուգողականները, ես դարձել էի կարեւոր իրենց համար, ու այլեւս չէի բարդույթավորվում»,-«Մեդիալաբին» պատմում է Նվարդը:

Եթե պատանեկան տարիքում կարողացել է հաղթահարել իր նկատմամբ խտրական վերաբերմունքը, հիմա՝ հասուն տարիքում Նվարդը ավելի ճնշված է զգում իրեն: Աղջիկն ասում է, որ տղամարդիկ խուսափում են իր հետ լուրջ հարաբերություններ սկսել, ընտանիք կազմել.

«Չեն ուզում իրենց կողքին կաղ կին լինի, ամաչում են»,-բացատրում է նա:

Նվարդն ասում է, մարդիկ կարծում են, որ եթե կինը հաշմանդամություն ունի, չի կարող լիարժեք կյանքով ապրել. ընտանիք կազմել, երեխա ունենալ, տնային տնտեսությանը հետեւել:

«Բայց չէ, որ հաշմանդամություն ունեցող մարդն էլ սիրտ ունի, կարող է սիրել, նվիրվել,  ինչ-որ մեկի մասին հոգ տանել: Ինչո՞ւ են մտածում, որ մենք ընդունակ չենք ընտանիք ստեղծել, երջանկություն պարգեւել»,-հարցնում է նա:

Նվարդը  շատ է փորձել սոցցանցերի միջոցով տղամարդկանց հետ ծանոթանալ, ասում է իրեն հեշտ են սիրահարվում, սակայն սոցցանցերից դուրս հարաբերություններ կառուցել չի ստացվում: Նա պատմում է, որ մինչ հանդիպումը, սոցցանցերում տղամարդիկ իր հետ երկար զրուցում են, հաճոյախոսություններ ու  սիրո խոստովանություններ են շռայլում, իսկ իրական կյանքում հանդիպելով, ինչպես Նվարդն է ասում, փախչում են իրենից:

«Արդեն էդպիսի 5-6 դեպք է եղել, ես իհարկե, մինչ հանդիպելը չէի ասում, որ հաշմանդամություն ունեմ, բայց հետաքրքրվում էի՝ թե ինչպե՞ս են վերաբերվում հաշմանդամություն ունեցող կանանց, արդյոք կսիրե՞ն, կամուսնանա՞ն: Բոլորն ասում էին՝ եթե սիրեմ, հաշմանդամությունը հաշվի չեմ առնի, ու ես ռիսկով հանդիպում էի իրենց հետ: Փաստորեն, բոլորը խաբում էին: Մի տղա նույնիսկ ինձ մենակ թողեց սրճարանում ու գնաց, իբր շտապ գործ բացվեց, չի կարող ինձ ուղեկցել: Ես, իհարկե, հասկացա, որ ամաչեց, հենց տեսավ կաղ եմ քայլում: Ասեց՝ ափսոս, էսքան սիրուն աղջիկ ես, խի՞ ա կյանքը սենց դաժան եղել քո հանդեպ, բայց ես այդ կարծիքին չեմ»:

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զառա Բաթոյանը «Մեդիալաբին» ասում է, որ մեր հասարակությունում հաշմանդամություն ունեցող կանայք ավելի շատ են խտրականության ենթարկվում, քան հաշմանդամություն ունեցող տղամարդիկ:  

Բաթոյանը վստահեցնում է, որ հաշմանդամություն ունեցող տղամարդկանց շատերն ամուսնանում են հաշմանդամություն չունեցող կանանց հետ, իսկ կանանց դեպքում, իրավիճակն այլ է.

«Հաշմանդամություն ունեցող կանայք կամ չեն ամուսնանում, կամ ամուսնանում են հաշմանդամություն ունեցող տղամարդկանց հետ»,-«Մեդիալաբին» ասում է Բաթոյանը:

Նվարդի ազգականներն ու հարեւաները մորն ասել են՝ «Քո աղջկան նորմալ տղա չի ուզի»: Նա հիշում է, դեպքեր, երբ իրեն փորձել են ամուսնացել բազմազավակ, կնոջը կորցրած տղամարդու, կամ հաշմանդամություն ունեցող տղամարդու հետ:

«Իսկ ես պնդում եմ՝ կամուսնանամ նրա հետ ում սիրեմ, ով ինձ սիրի: Բարեկամներիցս մեկն էլ մայրիկիս ասել էր՝ սաղին ասա, որ տատու տունն ու հողամասը Նվարդի անունով ա, կարող ա դրա խաթեր պսակվեն հետը: Ցավալի է նման բաներ լսելը: Եթե դու հաշմանդամություն ունես, ուզում են քեզ էժան ապրանքի պես շահավետ գործարքով վաճառեն: Բայց ես այսօր լավ աշխատանք ունեմ, անգլերեն եմ պարապում երեխաների հետ, եկամուտիցս չեմ դժգոհում, համ էլ ձեռքիս շատ բան է գալիս, համով բաներ եմ պատրաստում: Ուզում եմ ասել, ես ի վիճակի եմ ընտանիք կազմել ու հոգալ ընտանիքիս ծախսերն էլ, այլ հարցերն էլ»,-ասում է Նվարդը:

Զառա Բաթոյանը նկատում է, որ եթե տղամարդիկ կարող են հաշմանդամություն ունեցող կանանց որպես զուգընկերուհի ընկալել, ապա որպես կին պատրաստ չեն ընդունել. հասարակական կարծրատիպերը խանգարում են, կարծրատիպերը չեն թողնում մարդկանց ազատ լինել, եթե այլ լինի հասարակությունը, մարդը գուցե ընտրի կնոջը, ով հաշմանդամություն ունի.

«Կնոջ կերպարի մասին  որոշակի պատկերացումներ կան մեր հասարակությունում, որոնք խանգարում են: Ըստ այդ կարծրատիպերի` հաշմանդամություն ունեցող աղջիկը չի կարող լավ կին կամ հոգատար մայր դառնալ, տնային  հոգսերը  հոգալ,  չի կարող հմայիչ կամ սեքսուալ  լինել եւ այլն, այդպիսով նվազում է նրա «օգտակարության գործակիցը»»:

21-ամյա Նարեն, որը եւս հաշմանդամություն ունի, հենակներով է տեղաշարժվում, պատմում է, որ մոտ 5 տարի սիրել է մի տղայի, նա էլ՝ իրեն, բայց այդ տղայի ծնողներն արգելել են ամուսնանալ Նարեի հետ,  ասել են՝ «Այդ աղջիկը չի կարող քեզ համար լիարժեք կին լինել, բա ո՞նց է երեխա ունենալու»:

Իսկ Նարեն վստահ է՝ ով էլ լինի իր ընտրյալը, ինքը կարող է երջանկացնել:

«Ես անպայման սիրելով եմ ամուսնանալու, առանց ինչ-որ նախապայմանների, ու հասարակությունն իմանալու է, որ մենք էլ երջանիկ լինելու իրավունք ունենք, մենք էլ մարդ ենք»,-«Մեդիալաբին» պատմում է Նարեն:

Հիմա Նարեն ԲՈՒՀ-ում է սովորում, որոշել է հոգեբան դառնալ: Ասում է արդեն կարողանում է հասկանալ մարդկանց հոգիները, նույնիսկ զգում է իրեն նայող տղաների հայացքներն ինչի մասին են խոսում:

«Շատ է եղել՝ հավանել, ժամադրել են: Ինձ հետ ամաչելու խնդիր չի եղել:  Շատերն են փորձում ինձ հետ ծանոթանալ, ընկերություն անել, ու իրենց համար նշանակություն չունի, որ ես հաշմանդամություն ունեմ, շատերն էլ, նկատել եմ, հիացմունքով են նայում, որովհետեւ ես գեղեցիկ եմ: Բայց ամուսնության առաջարկ դեռ չեմ ստացել»,-ասում է նա: 

Այն, որ մեր հասարակությունում հաշմանդամություն ունեցող կանայք ավելի խոցելի են, փաստում են միջազգային հետազոտությունները: 2012-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցում նշվում է.  «Հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին համեմատաբար ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին:

Հաշմանդամություն ունեցող տղաների եւ աղջիկների ընդհանուր հարաբերակցությունը 2:1 է, իսկ մանկատներում այն գրեթե հավասարվում է (5,5:4,5):  Ըստ նույն զեկույցի, հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի շատ են հակված դուրս մնալ դպրոցից, քան տղաները. սեռերի միջեւ տարբերություններն ավելի ակնհայտ են մարզային քաղաքներում:

ՄԱԿ-ի զեկույցում նաեւ նշված է ՝«Հաշմանդամություն ունեցող տղաների 5%-ը եւ աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տանից կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով»:

«Խնդիրների հիմնական պատճառ են ընտանիքի վերաբերմունքը, հասարակական կարծրատիպերը, համատարած անմատչելիությունը, բռնությունը, շահագործումը եւ այլն»,-ասում է Զառա Բաթոյանը:

Ընտանիքը, որտեղ ծնվում եւ ապրում է հաշմանդամություն ունեցող աղջիկը, Բաթոյանի դիտարկումներով, ավանդական մտածելակերպից եւ պատկերացումներից ելնելով շատ հաճախ իրեն ավելի խոցելի է համարում, քան հաշմանդամություն ունեցող տղայի ընտանիքը: Հարազատներն աղջիկներին վերաբերվում են որպես անլիարժեք անդամի կամ գերխնամք են ցուցաբերում նրանց նկատմամբ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամության հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Մեդիալաբին» ասում է, որ նախարարությունը խտրականության դեմ պայքարի ծրագիր ունի, բայց առանձին հենց հաշմանդամություն ունեցող կանանց վերաբերյալ՝ ոչ:

Աննա Հակոբյանը վստահեցնում է, որ ներառական քաղաքականության գործընթացով օրենսդրությամբ փորձում են կարգավորել խնդիրը: Նա նշում է, որ նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որն արդեն Ազգային ժողովում է. նախագիծը վերաբերում է  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանը:

«Մի ամբողջ հոդված նվիրված է հաշմանդամության նկատմամբ խտրականության դեմ պայքարին: Ըստ օրենքի նախագծի, արգելվում է հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ որեւիցե խտրականության դրսեւորում, որոնք պատժելի են օրենքով»,-ասում է Հակոբյանը` հավելելով, որ նախագիծն ընդհանուր է եւ առանձին չի անդրադառնում հաշմանդամություն ունեցող կանանց խնդրին:  

Սակայն, Զառա Բաթոյանը վստահ է, որ խնդրին «հատուկ ուշադրություն» է անհրաժեշտ, ինչպես նաեւ տարբեր կառույցների համագործակցությունը:

«Պետք է կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունները իրենց ծրագրերում ներառեն նաև հաշմանդամություն ունեցող կանանց, փորձեն զարգացնել նաև նրանց կարողությունները: Մյուս կողմից միջազգային և տեղական կազմակերպությունները, որոնք հաշմանդամության խնդրով են զբաղվող պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս խնդրին,-«Մեդիալաբին» ասում է Բաթոյանը: Կարծրատիպերը և վախերը վերանում են, երբ սկսում ենք խոսել այդ մասին, տեղեկություններ տարածել, կիսվել մեր փորձով և դժվարություններով: Այս իմաստով կարևոր է նաև ԶԼՄ-ների դերը և հանրային իրազեկման ակցիաները»:

Նելլի Բաբայան

Լուսանկարը` Photolure

© Medialab.am