Այս պայմաններում առավել քան անպատասխանատու է իրականացնել հրադադարի խախտումներ․ Զոհրաբ Մնացականյան

Կորոնավիրուսը, իրապես, որոշակի ազդեցություն ունեցել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի վրա. ներկայումս դադարել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգները, այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Բնականաբար, այս պայմաններում առաջնահերթ խնդիրը հրադադարի անշեղ պահպանումն է, որպեսզի բոլոր ռեսուրսները, ուժերը կենտրոնացնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։ Այս առումով, շատ գնահատելի էր համանախագահների կողմից արված հայտարարությունը: Մենք նաև ողջունել և միացել ենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հաստատելու կոչին։

Այո, արձանագրվել են զինադադարի խախտումներ Ադրբեջանի կողմից, և մենք անմիջապես արձագանքել ենք դրան, օգտագործել ենք նաև ուղիղ կապը։ Ցավոք, մենք ունեցել ենք երեք վիրավոր, որոնցից մեկը 14 տարեկան երեխա է։ Մենք անմիջապես անդրադարձել ենք դրան:

Գերակա խնդիրը հրադադարի անշեղ պահպանումն է։ Չնայած սովորական աշխատանքի տրամաբանությունը որոշ չափով խախտված է այս պայմաններում, բայց մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը նույնպես կունենա այդ պատասխանատվությունը առաջին հերթին իր իսկ ժողովրդի հանդեպ, քանի որ, նորից եմ կրկնում, բոլորս գիտենք՝ կորոնավիրուսը չի շրջանցել որևէ մեկին: Եվ այս պայմաններում առավել քան անպատասխանատու է իրականացնել նման խախտումներ, և հուսով եմ, որ ադրբեջանական կողմը ի վերջո նույնպես այդ պատասխանատվությունն ավելի ի ցույց կդնի:

Հիմա հանդիպումներ չկան, բայց մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ և նաև գնահատում ենք այն ձևերը՝ ուղղված  խաղաղ գործընթացի շարունակականության պահպանմանը», -ասել է Մնացականյանը: