«Գալիք պատերազմին ընդառաջ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ներքին հակասությունները մեր դիմադրողականությունը չթուլացնեն». Սուրեն Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, Անկախության օրը ոստիկանները Եռաբլուրից բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին։ Հայտարարվեց, որ զոհված զինծառայողների 40 ծնողներ բերման են ենթարկվել ոստիկանություն, նրանց մի մասն ստացել է մարմնական վնասվածքներ։ Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործողությունները։

– Ոստիկանության գործողությունները խստորեն դատապարտելի են։ Այն, որ բռնության ենթարկվածները զոհված զինծառայողների հարազատներ են, հարցի ընդամենը բարոյական կողմն է։ Գործողությունները դատապարտելի են, քանի որ ստվերում են Հայաստանի ժողովրդավարությունը։ Ցավոք սրտի, պրոբլեմի հետ կապված շեշտադրվում է դրա հենց բարոյական կողմը։ Մյուս կողմից՝ ինձ համար անհասկանալի է բողոքի բուն նպատակը։

Ներկայիս ծանր վիճակում մենք պետք է միմյանց հանդեպ ավելի հանդուրժող լինենք, փոխօգնության հասնենք, ոչ թե դրա հակառակն անենք։ Իհարկե, ինձ անհասկանալի մոտիվների գոյությունն ամրապնդվում է կառավարող ուժի գործողությունների ու որոշումների փաստով։

– Որքանո՞վ այս ամենը իշխող ուժի և Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող քայլեր են։

– Հարցի հասցեատերը ես չեմ։ Սակայն ինչպես նշեցի, գալիք պատերազմին ընդառաջ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ներքին հակասությունները արտաքին մարտահրավերներին մեր դիմադրողականությունը չթուլացնեն։

– Տեսակետ կա, որ մենք գործ ունենք անարդար կառավարման համակարգի հետ։ Համամի՞տ եք։

– Ես դրան կասեի՝ անարդարություն հայկական ձևով։ Ընդհանրապես, ամբողջ աշխարհում կառավարման համակարգերը արդար չեն։ Զուտ գաղափարաբանական առումով, որպես սոցիալ-դեմոկրատ, ինձ բավարարում են հաշված երկրների կառավարման համակարգերը։ Մնացած բոլոր դեպքերում այդ համակարգերն անարդար են։

– Իր շնորհավորանքի տեքստում Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Հայտարարությունից այն կողմ իշխող ուժը հստակ քայլեր անո՞ւմ է արդյոք։

– Տեսանելի են դրա արտաքին քաղաքական, միջազգային հանրության հետ տարվող աշխատանքը։ Ցավոք, նույն տեսանելիությունը չէ ռազմական պատրաստության առումով, այնինչ դրանք փոխլրացնող, փոխներգործող հանգամանքներ են։ Սակայն նույնիսկ այս դեպքում սեպտեմբերի 13-ին սկսած ռազմական գործողությունները վերլուծելով մենք տեսնում ենք, որ բանակն էլ փորձում է դուրս գալ 2020 թվականի պարտության պարտադրած կապանքներից։

– Պարո՛ն Սահակյան, ՀԱՊԿ-ից դուրս գալու դիսկուրսն ինչպես եք գնահատում։ Հայաստանը անվտանգության ինչպիսի երաշխիքներ կարող է ստանալ աշխարհից, մասնավորապես Միացյալ Նահանգներից։

– Պահանջել ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ նշանակում է ասել ճշմարտության ընդամենը կեսը, քանի որ Հայաստանի ամբողջ պաշտպանական համակարգը հենված է Ռուսաստանի հետ երևակայական դաշնակցային հարաբերությունների վրա։ Հենց հիմա մեր երկրի տարածքում ՀԱՊԿ-ի՞, թե՞ ռուսական զորքեր են։ ԵՎ ՀԱՊԿ-ից դուրս գալու պայքարը կարծես հողմաղացների դեմ պայքարի նմանվի։ Ինչո՞վ է դա փոխելու մեր անվտանգային ճարտարապետության բացարձակ կախումը ռուսական գործոնից։ ՀԱՊԿ-ից դուրս գալուն ես դեմ չեմ, բայց դա անձերի քմահաճությամբ չի լինելու, այլ պետք է նոր, ապագա համակարգի ճարտարապետությունը մշակել։

Իսկ երաշխիքներ մեզ ոչ մեկը չի տալու, քանի դեռ մենք ինքներս չենք կողմնորոշվել, թե ինչ ենք ուզում, կոնկրետ գծենք ու մարդկանց սեղանին դնենք, թե ինչ ենք ուզում աշխարհից, և աշխարհը ինչ շահ կարող է ստանալ մեզ հետ նման համագործակցությունից։ Ինչպես տեսնում եք, նման հայեցակարգի մշակումը սոցցանցերի հայկական տիրույթի ամեն ինչի փորձագետների հնարավորությունների շրջանակից չէ։

Միաժամանակ, ես չգիտեմ էլ՝ կառավարող ուժն ունա՞կ է նման համակարգ նախագծել։ Եթե կարող չէ, ապա մեզ մնում է միայն համաձայնել նրան, ինչ մեզ կմատուցեն, կհրամցնեն։ ԱՄՆ-ն այստեղ կարող է դերակատարություն ունենալ, բայց ասել, որ վաղն իսկ մեր բանակը կարող է ամերիկյան զենքի անցնել, նշանակում է գործից ընդհանրապես անտեղյակ լինել։ Դա տարիների հարց է։ Վերջնակետին պետք է նախորդեն տնտեսական, քաղաքական համագործակցության երկարուձիգ բանակցություններ, գործարկվեն դրանցից որոշները, որպեսզի հնարավոր լինի գործարկել նաև դրա ռազմաքաղաքական բաղադրիչը։

– Որո՞նք, ըստ ձեզ, պետք է լինեն Հայաստանի քայլերը։ Իրականությունն ինչպե՞ս եք գնահատում։

– Մենք տեսնում ենք, որ մեր փոքր երկրի վրա հավակնություններ ունեն մեզնից թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական առումով հզոր, թերևս բոլոր հարևանները։ Շատերը խոսում են Իրանի հետ համագործակցության դեպքում մեր փրկության մասին, բայց ես կարծում եմ՝ Իրանի դիրքորոշումն այն է, որ եթե Սյունիքը պետք է դադարի հայկական լինել, ապա իրենք կնախընտրեին վերականգնել դրա նկատմամբ պարսկական տիրապետությունը, որ կորցրել են 200 տարի առաջ։ Վաղ թե ուշ, Հայաստանը ստիպված է լինելու վերահաստատել իր գոյության իրավունքը, և մենք դա պետք է անենք զենքը ձեռքներիս։

Եթե մենք հաղթանակի բավարար կամք ու ձգտում ունենանք, ապա կունենանք նաև զենք ու դաշնակիցներ, որոնք մեզ կօգնեն հաղթահարել դժվարությունները։ Ամեն ինչ մեզնից է կախված։ Հայաստանը պետք է պատրաստվի ծանր պատերազմի և պետության գոյության համար մի, թերևս՝ վերջին մարտին։

Մանե Հարությունյան

MediaLab.am