Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին և GITEC-IGIP-ի ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Միխայել Բանցհաֆին:

Ողջունելով դեսպանին, նախարարը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու երկրների լայնածավալ համագործակցությունը։

Հանդիպման օրակարգում է եղել շրջակա միջավայրի նախարարության մշակած «Ֆինանսների մոբիլիզացում շրջակա միջավայրի առաջնահերթությունների համար» հայեցակարգը, որը ենթադրում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, ինչն էլ հնարավորություն է տալիս զարգացած և զարգացող երկրներին իրականացնել Փարիզյան համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով երկու երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը:

«Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ևս մեկ հանդիպում է ունեցել։

Նախարարն ընդունել է Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացմանն աջակցող միջազգային խորհրդատու, գերմանական GITEC-IGIP GmbH ընկերության ներկայացուցիչ, ՊՏԱԾ-Հ ծրագրի ղեկավար Շտեֆֆեն Ուայդներին և ՊՏԱԾ-Հ ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին:

Նախարարը ողջունել է Շտեֆֆեն Ուայդներին և իր գոհունակությունը հայտնել ՊՏԱԾ-Հ ծրագրի ընթացքում կատարված աշխատանքի և ցուցաբերած աջակցության համար՝ միաժամանակ արձանագրելով ծրագրի շրջանակներում նախորդ տարում գրանցված դրական տեղաշարժը:

Պարոն Շ. Ուայդներն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Էրիկ Գրիգորյանին և նախարարության թիմին՝ սերտ համագործակցության և ծրագրի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։