Հանրաքվե անցկացնելու որոշումից հետո առցանց մեդիայում և սոցցանցերում սկսել են մարդու իրավունքների թեմայի անհարկի շահարկումները. Հայտարարություն

Մարդու իրավունքների տուն Երևանն (ՄԻՏ Երևան) արձանագրում է, որ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու որոշումից հետո առցանց մեդիայում և սոցիալական ցանցերում սկսել են մարդու իրավունքների թեմայի անհարկի շահարկումները տարբեր քաղաքական կուսակցությունների, քաղաքական շահեր հետապնդող առանձին խմբերի և անհատների կողմից:

Այդ խմբերը գիտակցաբար թիրախավորում են խոցելի խմբերին, նրանց նկատմամբ տարածում են և հրահրում ատելության խոսք ու բռնության կոչեր: Սահմանադրական հանրաքվեն կապելով այնպիսի զգայուն հարցերի հետ, ինչպիսիք են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, խոցելի խմբերի իրավունքները, նրանց պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ներկայացուցիչների գործունեությունը՝ վերջիններս միտումնավոր կերպով տագնապային և թշնամական միջավայր են ստեղծում առցանց տիրույթում և հանրային տրամադրություններում, փորձում են լուծել սեփական քաղաքական և նեղ անձնական շահերը՝ զգայուն թեմաների մանիպուլյացիաների միջոցով:

ՄԻՏ Երևանը դատապարտում է այս գործելաոճը և հայտնում, որ առցանց մեդիայում և սոցիալական ցանցերում մշտադիտարկում է հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մարդու իրավունքների շուրջ զանազան մանիպուլյացիաները, ատելության խոսքն ու բռնության կոչերը: Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվելու են և հանրայնացվելու, արձանագրված իրավախախտումները ուղարկվելու են համապատասխան իրավապահ մարմիններին։ՄԻՏ Երևանը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին, կուսակցություններին, քաղաքական և հանրային գործիչներին և քաղաքացիներին զերծ մնալ մարդու իրավունքները ոտնահարող, առանձին խմբերին թիրախավորող, ատելության խոսք ու բռնության կոչ պարունակող տեղեկատվության տարածումից։

Մարդու իրավունքների տուն Երևան