«Ռոբերտ Քոչարյանն իր պարտությունը հենց իր ձեռքերով կերտեց». սոցիոլոգները՝ ընտրությունների արդյունքների մասին

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի սպասումները խորհրդարանական ընտրություններից միանգամայն այլ էին. նախընտրական քարոզարշավի ուսումնասիրությունը մասնագետին թույլ է տվել կանխատեսել, որ 8-րդ գումարման խորհրդարանը կունենա առնվազն հինգ խմբակցություն:

Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ ընդամենը երեք քաղաքական ուժ է մուտք գործում խորհրդարան՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

«Ես կարծում էի, որ այնպիսի իրավիճակ կլինի, որ խորհրդարան մուտք գործած ուժերի քանակային տարբերությունը մեծ չի լինի, ու որևէ ուժ մեծամասնություն չի կազմի, արդյունքում՝ ստիպված կլինեին գնալ կոալիցիա կազմելու գործընթացով, –«Մեդիալաբին» ասում է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:

Մեկ այլ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ խորհրդարանի ներկայիս պատկերը արդյունք է նախընտրական շրջանի մի որոշակի փուլում «Հայաստան» դաշինքի շուրջ ստեղծված ակտիվության, ինչը շատ արագ մոբիլիզացրեց ընտրազանգվածի այն հատվածին, որը հաստատ ոչ մի պարագայում մտադիր չէր ընտրել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ղեկավարած դաշինքը:

Այսինքն՝ ըստ մասնագետի, այն քաղաքացիները, որոնք մտադիր էին ընտրել ընտրություններին մասնակից մյուս ուժերին, օրինակ՝ «Հանրապետություն», ՀԱԿ և այլն, վերջին պահին որոշել և ընտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«Մեծ հաշվով, թող էմոցիոնալ չթվա ասածս, զուտ մասնագիտական տեսանկյունից կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը իր պարտությունը հենց իր ձեռքերով կերտեց: Ստեղծեց կեղծ պատկեր, որ ինքը հաղթում է, բայց ինքը գիտեր, որ չի հաղթում: Ուղղակի զարմանում էի, որ կային մարդիկ, որ հայտարարում էին, թե Քոչարյանը հաղթում է: Պարզապես հնարավոր չէ ունենալ 65 տոկոս բացասական վարկանիշ և, դուրս գալով 60 տոկոսից ավելի դրական վարկանիշ ունեցող քաղաքական գործչի դեմ հաղթել»,- «Մեդիալաբին» ասում է Կարեն Սարգսյանը:

Ընդ որում, ըստ մասնագետի՝ այլընտրանքային ուժերին ընտրել պատրաստվող 15-20 տոկոս հանրությանը կոնսոլիդացրել է «Ռոբերտ Քոչարյանին՝ իրեն պատկանող լրատվամիջոցների պաշտպանությունը, սոցհարցումները, հանրահավաքը»:

Դիտարկմանը, թե ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները «ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ», Սարգսյանը արձագանքեց.

«Բացի այն, որ Ռոբերտ Քոչարյանը բավական վատ է պատկերացնում Հայաստանի հասարակությունը, նաև իր թիմում կան մարդիկ, որոնք ճիշտ խորհուրդներ չեն տալիս նրան: Քոչարյանի թիմի քաղտեխնոլոգները պետք է անբավարար գնահատական ստանան, որովհետև մեծ հավանականությամբ նրան զեկուցվել է, որ հաղթում է:

Նա Հայաստանի հասարակությունից կտրված է և, մեծ հաշվով, Հայաստանի հանրության համար օտար քաղաքական գործիչ է, որովհետև 10 տարի նախագահ էր, 10 տարի ոչ մի կերպ չկար: Բացի այն, որ չկար, նաև այլ երկրի ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր: Մեկ էլ օդից հայտնվեց ու հայտարարեց, որ ուզում է քաղաքականությամբ զբաղվել»:

Հարցին՝ արդյոք նորաստեղծ խորհրդարանը արտահայտո՞ւմ է երկրում հանրային տրամադրությունները, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն արձագանքում է հարցով՝ իսկ ո՞վ է չափել հանրային տրամադրությունները:
Կորոնավիրուսային համավարակի տարածման պայմաններում Պողոսյանն ասում է՝ հրաժարվել են հեռախոսային սոցհարցումներ անցկացնելու պատվերներից, քանի որ այդպիսի հարցումները ռիսկային են:

«Քաղաքական հարցումները հեռախոսով անելը շատ ռիսկային է, ավելին՝ հեռանկարային չէ, քանի որ վստահություն չկա, և, բացի այդ, տրամադրությունների ճշգրիտ պատկերը չի ներկայացվում. մարդիկ վախեր ունեն, մտածում են՝ կարող են ձայնագրվել, ինչն էլ կարող է իրենց դեմ օգտագործվել:

Նախկինում մենք միշտ դեմ առ դեմ հարցումներ ենք արել, նաև էքզիթ փոլեր, և այդպիսի դեպք չի եղել, որ այս աստիճան սխալ պատկեր ստանանք: Միշտ էլ շատ մոտ արդյունքներ ենք ցուցադրել: Բայց հիմա հաշվի առեք, որ միայն Հայաստանում չէ նման բան եղել, օրինակ՝ ԱՄՆ-ում սոցհարցումները մի բան էին ասում, ընտրությունների արդյունքները՝ բոլորովին այլ»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am