«Մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին». Ազատ դեմոկրատների հայտարարությունը

«Մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին». Ազատ դեմոկրատների հայտարարությունը
«Մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին». Ազատ դեմոկրատների հայտարարությունը

Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը` աջակցություն հայտնելով Մաքսային միությանն անդամակցելու դեմ ելած հազարավոր քաղաքացիներին: 

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Գյումրիում տեղակայված ռազմաբազա այցելելուց զատ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  հետ քննարկելու է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հետ առնչվող հարցեր:

Չնայած անսպասելիությանը, այս տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստակամ է ՄՄ անդամակցելուն: Այսօր ժամը 13:00-ին Պուտինի այցին ընդառաջ, Երեւանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա եւ երթ է նախատեսվում ընդդեմ ՄՄ անդամակցությանը:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները  խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:

Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի և կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել հանուն  ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության և իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու  համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին»: 

Լուսանկարը` rt.com

© Medialab.am