Չկարողացան հասնել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման չեզոքացմանը. ապաշնորհ քաղաքականության հերթական դրսևորումն է. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, վարչապետի խոսնակի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։ Այս հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, եթե հաշվի առնենք այն, որ ադրբեջանական կողմը շարունակում է կիրառել այդ տերմինը:

– Փաստ է, որ Վաշինգտոնում ձեռք բերված եռակողմ հռչակագրից հետո հայկական կողմը նույնիսկ չկարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանը ակնհայտ տարածքային հավակնություններ ներկայացնող այդ տերմինը շրջանառությունից դուրս բերի։ Դա շրջանառությունից դուրս բերելու փոխարեն, փաստացի, զբաղված են դա անտեսելով կամ նոր շղարշ հաղորդելով: 

Հայաստանի իշխանության այս ողջ քաղաքականությունը, որ վերջին տարիներին տեսնում ենք, ոչ թե Ադրբեջանի տարածքային հավակնությունների նկատմամբ հստակ գնահատական է, այլ դրանք լղոզելն ու տարբեր կերպ ներկայացնելը: Այս մարդիկ բացարձակ չեն կարողանում չեզոքացնել Ադրբեջանից եկող ռիսկերը՝ ունենալով Թրամփի միջնորդությունը, այդ բավականին աղմուկ հանած հռչակագիրը և այլն: 

Հիշեցնեմ, որ այդ տերմինն ակտիվ շրջանառության մեջ մտավ հատկապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որտեղ կար կետ, որ Հայաստանը Նախիջևանի հետ կապի համար պետք է տրամադրեր ճանապարհ, որը այդ եռակողմ փաստաթղթի համաձայն պետք է վերահսկեին ռուս սահմանապահները։ Այդ փաստաթղթի կենսունակության կորստից հետո Հայաստանի իշխանությունները փոխանակ ամբողջովին չեզոքացնեին այդ խոսույթը, գնացին Վաշինգտոնում փաստացի ևս մեկ անգամ հաստատեցին՝ անխոչընդոտ կապ տրամադրել Ադրբեջանին դեպի Նախիջևան: 

Փաստացի, որոշ փոփոխություններով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տեղ է գտել նաև Թրամփի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրում: ՀՀ իշխանությունների արձագանքը իրենց ապաշնորհ քաղաքականության հերթական դրսևորումն է, որովհետև չեն կարողանում հասնել այդ ձևակերպման չեզոքացմանը: 

– Եթե վերանանք անվանումից, ձեր գնահատմամբ, Ադրբեջանն ի վերջո ստացե՞լ է իր համար այդ ցանկալի միջանցքը, թե՞ ոչ:

– Դժվար է այդ հարցին միանշանակ պատասխան տալ, փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը ստացել է անխոչընդոտ կապ, ինչը հստակ արձանագրվել է հռչակագրում: Իսկ, օրինակ, Հայաստանի համար անխոչընդոտ որևէ կապ մասին բան չկա գրված: Մնացած դետալների հետ կապված՝ կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող պատասխան ունենալ, որովհետև, ինչպես հասկանում ենք հանրային հայտարարություններից, ոչ մեկը ամբողջական տեղեկատվության չի էլ տիրապետում: 

– Տիկի՛ն Հայրապետյան, Բայրամովի հերթական հայտարարությունը, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է բացառի, խոսում է Սահմանադրության փոփոխությանն այլընտրանք չլինելու մասի՞ն:

– Իհարկե, Ադրբեջանն այդ խնդիրն օրակարգում է դրել ու փորձում է հասնել դրա լուծմանը, հիմա իշխանությունները ինչպես կփորձեն դա փաթեթավորել, իրողությունը դրանից չի փոխվի: Եթե Ադրբեջանի կողմից այդ խնդիրը դրված չլիներ, ապա Վաշինգտոնում միջազգային մեծ աղմուկի այդ պայմաններում նրանք կհասնեին ոչ թե նախաստորագրմանը, այլ՝ ստորագրմանը: Փաստը, որ այդ թուղթն ընդամենը նախաստորագրվել է, նշանակում է, որ Ադրբեջանը շարունակելու է պահանջների ցուցակն առաջ քաշել, իսկ այդ ցուցակի ամենահայտնի ու կարևոր կետը Ադրբեջանի համար Սահմանադրության փոփոխությունն է, և դա տեղավորվում է «մենք անկախ ենք, ինչպես երբևէ» իշխանական քարոզչության մեջ: 

Ակնհայտ է մի բան, որ Ալիևը շարունակում է իր թշնամական քարոզչությունը հայերի դեմ, նա այսօր Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանի Գաբալա քաղաքում, հայտարարել է. «Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի կողմից օկուպացիան։ Մենք հավերժ կպահենք մեր նահատակների հիշատակը մեր սրտերում։ Մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտի դաշտում։ Մենք վտարեցինք օկուպանտներին մեր պապենական հողերից, հասանք փայլուն հաղթանակի և ապահովեցինք արդար խաղաղություն…»։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am