Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից. ՄԱՍ 3

Հեղինակ MediaLab

Երբևէ շրջապատի համար ձեզ վտանգավոր զգացե՞լ եք։ Սարսափելի զգացողություն է, երբ գիտակցում ես, որ պոտենցիալ վտանգ ես ներկայացնում անգամ ձեռնոցով, բախիլներով ու դիմակով ուղղակի քայլելու պարագայում։

Հիվանդասենյակից չորս օր դուրս չէի եկել, երբ բուժքույրս ասաց, որ մեկ ժամից պետք է գնամ հետազոտության, բերեց ձեռնոցներ, դիմակ ու բախիլներ, որպեսզի սենյակից միայն դրանք կրելուց հետո դուրս գամ։ Չորս պատի մեջ մեկուսացված ապրելուց հետո նույնիսկ կես ժամով հետազոտության գնալն էր երջանկություն ու անհամբեր սպասում էի կարճատև ազատության համը զգալուն։ 

Այն ի սկզբանե դառն էր, երբ սենյակից դուրս եկա ու տեսա հիվանդանոցի դատարկ միջանցքը, որտեղ բացի ինձնից, բուժքրոջից և մեկ այլ պացիենտից ոչ ոք չկար։ Երեքով սկսեցինք քայլել դեպի առաջին հարկում գտնվող հետազոտությունների սենյակը։

Ճանապարհին ոչինչ չէինք խոսում, լուռ նայում էի հիվանդասենյակների փակ դռներին և բուժքրոջս ձեռքի հեղուկին, որով ախտահանվում էր մեր անցած ամբողջ ճանապարհը։ Մանրակրկիտ ախտահանման այդ գործողությունն էր հուշում, թե մեր ամեն քայլը, շարժումն ու շունչը ինչ մեծ վտանգ են ներկայացնում շրջապատի համար։ 

Հետազոտության ավարտից հետո վերադարձա սենյակ ու հիմա դժվար է ասել՝ նորից ցանկանում եմ գոնե կես ժամով դուրս գալ այստեղից, թե ոչ։ Կորոնավիրուսը, բացի առողջական խնդիրներից, նաև հոգեբանական դժվարություններ է առաջացնում, որոնք, սակայն, պետք է փորձել հաղթահարել որևէ դրական բան գտնելով։ 

Դրական տրամադրվածությունս ու բարձր տրամադրությունս այս օրերին տարբեր միջոցներով ապահովում են հարազատներս, ընկերներս, ծանոթներս, նույնիսկ, դեռևս անծանոթ մարդիկ։

Երբ դեռ նոր էի տեղեկացել, որ վարակված եմ ու ամբողջությամբ չէի համակերպվել այդ մտքի հետ, գործընկերս՝ Վարվառան, սոցիալական ցանցերում սկսեց #ՆորոԴուՈւժեղԵս հեշթեգով ֆլեշմոբը, որին միացան մյուս գործընկերներս՝ Սոնան, Լիլիթը, Գայանեն, Անժելան, Տաթևը, Կարենը, Անին, Սյուզին։ Արտաշատի բժշկական կենտրոնում գտնվելուս երրորդ օրը բուժքույրը մի տոպրակ փոխանցեց, որի մեջ քաղցրավենիք ու մրգեր էին, և մեկ գրություն, որը կարդալով անմիջապես հասկացա՝ Արտաշատում բնակվող իմ գործընկերուհի Աննա Գրիգորյանի կողմից է։ Նա ապրում է հիվանդանոցից ոչ այնքան հեռու, և այս ընթացքում համաքաղաքացի ու հարևան ենք դարձել։ 

Կորոնավիրուսի վերաբերյալ արդեն մի քանի ամիս է՝ տարբեր կարծիքներ են հնչում, հասարակությունն ամենատարբեր բնութագրումներն է տալիս վարակվածներին, սակայն մեկ բան, այնուամենայնիվ, հստակ է՝ կորոնավիրուսային հիվանդությունը դատավճիռ չէ, այն վարակ է, որից, ցավոք, լիարժեք ապահովագրված մարդիկ չկան, բայց պետք է ամուր լինել ու հաղթահարել այն։ Ինչպես արդեն հայտնի դասական դարձած արտահայտությունն է ասում՝ կորոնավիրուսից հետո կա՛ կյանք…