«Հենց զգում եմ՝ մարդկանց տրամադրությունը վատ ա, էնպիսի երաժշտություն եմ նվագում, որ ցավ չտամ». Վլադիկ Ստեփանյանը՝ քամանչահարը

Մետրոյի «Հանրապետություն» կայարանի մուտքի աստիճաններին ամեն օր կարելի է հանդիպել կոկիկ հագուկապով և արժանապատիվ կեցվածքով Վլադիկ Ստեփանյանին, որ արդեն 20 տարուց ավելի՝ ամառ թե ձմեռ, անձրևին թե ցրտին, երգում ու նվագում է: Երգացանկը բազմազան է՝ Սայաթ-Նովայից, Ջիվանի, Գուսան Շահենից մինչև Աշուղ Հավասի՝ րոպեների ընթացքում իր շուրջը հավաքելով անցորդների, որ մի պահ կանգ են առնում՝ վայելելու քամանչայի անկեղծ հնչյունները։ 

Արդեն վաղուց երևանյան խրոնիկայի մաս դարձած 73-ամյա երաժիշտն ասում է՝ գումարի համար չի, որ փողոց է դուրս եկել, այլ բեմի ու մարդկանց հանդեպ կարոտի։ Վլադիկն ասում է՝ մարդկանց հետ շփումն իրեն կրկին կյանք է վերադարձնում և օգնում է վերաիմաստավորել ապրած ամեն մի օրը։ Հենց այդ ամենն էր, որ տարիների վաստակ ունեցող քամանչահարին մի օր բերեց փողոց՝ այնտեղ երգելու և նվագելու։ 

«Գիտեք՝ 16-17 տարեկանից բեմերում եմ եղել, իմ հանդիսատեսն եմ ունեցել։ Էն ժամանակվանից էլ մարդկանց հետ շփվել շատ եմ սիրել, դա իմ կյանքն էր։ Ու որ 2000 թվականին անցա թոշակի, զրկվեցի իմ բեմից էլ, հանդիսատեսից էլ ու ստիպված էի տանը նստել։ 

Եկավ մի պահ, զգացի, որ էլ չեմ դիմանում։ Էդպես մի օր հեռուստատեսությամբ տեսա, որ մարդիկ փողոցում նստած նվագում են, մտածեցի՝ ես էլ փորձեմ։ Փորձեցի ու տեսա, որ ստացվում ա։ Սկզբում գնացի Հյուսիսային պողոտա, հետո Երրորդ մաս, հետո եկա այստեղ»,– «Մեդիալաբին» պատմում է երաժիշտն ու հավելում՝ իրեն փողոց բերեց նաև ազգային գուսանական երաժշտության միջոցով մարդկանց իրենց արմատների մասին հիշեցնելու և նոր սերնդին կրթելու ձգտումը։ 

«Ազգային գործիքներն էսօր մեռած են, պետությունն էլ ոչ մի բան չի անում, որ մարդիկ իմանան, ճանաչեն իրենց ազգայինը։ Իսկ Սովետի տարիներին տենց չէր, անընդհատ երաժշտական փառատոներ ու այլ միջոցառումներ էին կազմակերպվում։

Երիտասարդները մեկ-մեկ գալիս ասում են՝ պապի’ ջան, էս ի՞նչ գործիք ա, ասում եմ՝ դե, կլառնետ ա, էդպես թողնում գնում են, իսկ թուրքն իրա «աման-աման»-ը երգելով ման ա գալիս։ Մեր երիտասարդներին եթե ասես՝ գուսան Շահենն ո՛վ ա, չեն իմանա։ Սա ինձ համար շատ ցավալի ա, էդ պատճառով ա նաև, որ ես էստեղ եմ, որ մարդիկ սկսեն մեր ազգային գործիքներն ու երաժշտությունը ճանաչել ու սիրել»։ 

Վլադիկ Ստեփանյանը սովորել է Կապանի երաժշտական ուսումնարանում, բացի քամանչայից, ևս երեք երաժշտական գործիք է նվագում՝ բանդոլինա, թառ և ուդ։ Որպես քամանչահար 55 տարի նվագել է Քաջարանի մշակույթի տանը՝ այդ ընթացքում հանդես գալով նաև ազգային և միջազգային մի շարք բեմահարթակներում։ 

Մինչև թոշակի անցնելը մի քանի տարի դասավանդել է նաև Երևանի Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցում՝ ժողովրդական գործիքների բաժնում, իսկ տնօրենի մահից հետո դուրս եկել նաև այնտեղից։

Արմատներով Սյունիքի Կապան քաղաքից է։ Չորս զավակ ունի: Ասում է՝ թեև կինն իրեն լիովին հասկանում էր և դեմ չէր փողոցում նվագելու իր որոշմանը, այնուամենայնիվ, զավակների կողմից սկզբնական շրջանում առարկություն կար, չէին ուզում, որ իրենց հայրը փողոցում նվագեր։

«Ինձ ասում էին՝ ամոթ ա, մեզ ինչ կասեն, դու մեզ խայտառակում ես։ Աղջիկներս էլ՝ բա մեր ընկերուհիները որ տեսնեն, մեր մասին ի՛նչ կմտածեն։ Ես էլ ասում էի՝ զբաղմունք ա, էլի, ոչ մեկիդ էլ չեմ խայտառակում, բա հո տանը չե՞մ նստելու։ Էդպես կամաց-կամաց հարմարվեցին, հիմա արդեն սովորել են, էլ չեն խոսում»,- ասում է երաժիշտն ու հավելում՝ թեև մարդկանց անտեղյակությանը և կրթության բացին, ուշադրությունից ամեն դեպքում չի բողոքում։ 

«Մարդիկ ինձ ոչ թե լավ, այլ ընտիր են վերաբերվում։ Հիմնականում Սայաթ-Նովա են շատ սիրում, գալիս խնդրում են, որ երգեմ ու նվագեմ։ 

Մարդիկ էլ կան գալիս, կանգնում են ու հետս հավասար երգում են, իսկ վերջում էլ հարցնում՝ վա՞ղն էլ եմ գալու, ու հաջորդ օրն էլ են գալիս։ Փողոցում էլ են ինձ մոտենում, բարևում են, գրկում, շատ հաճելի ա»,- ժպիտով պատմում է երաժիշտն ու նշում՝ ռուսների կողմից ևս շատ ջերմ արձագանքներ է ստանում։

««Դլե յաման» եմ նվագում, ռուսները, արցունքներն աչքերին, կանգնում, լսում են։ Ասում եմ՝ ինչի՞ ես լացում, ասում ա՝ ազդել ա վրաս էս երաժշտությունը․․․

Ժամանակին մեր հայ ազգը Ռուսաստանում շատ մեծ անուն ուներ՝ թե՛ երաժշտության, թե՛ թատրոնի ոլորտներում։ Ռուսներն ասում են՝ դուք լավ կոմպոզիտորներ ունեիք, գովում են մեր ազգին, բայց առաջինը մենք ինքներս մեզ պետք ա պահենք»,- նշում է Վլադիկ Ստեփանյանն ու հավելում՝ վատ արձագանքողներ ևս պատահում են, բայց՝ շատ հազվադեպ, հիմնականում իրեն աջակցում են՝ նաև մետաղադրամների տեսքով։ 

Իսկ թե ինչքա՛ն մետաղադրամներ կհայտնվեն իր քամանչայի հնամաշ պատյանում, կախված է մարդկանց տրամադրությունից։ Ինչքան մարդկանց տրամադրությունը լավ է, այնքան ավելի շատ է օրվա ընթացքում գումար վաստակում։

«Որ մարդիկ ուրախ են լինում, շատ գումար եմ աշխատում, իսկ որ անտրամադիր են լինում՝ քիչ․․․»։ 

Վլադիկ Ստեփանյանի խոսքով՝ իր երգարվեստով միշտ փորձում է մարդկանց սրտով գնալ, երբ մարդիկ տխուր են, պատերազմի օրերին, դժվար պահերին չնվագել ուրախ մեղեդիներ։

«Հենց զգում եմ, որ մարդկանց տրամադրությունը վատ ա, էնպիսի երաժշտություն եմ նվագում, որ մարդկանց ցավ չտամ, չասեն, թե երեխաս սահմանին ա, ինքը ստեղ իրա համար ուրախանում ա։

Էդ օրերին «Թռչեի մտքով տունն» եմ երգում։ Մարդիկ գալիս կանգնում, միասին երգում ենք»,- ասում է քամանչահարը։

Այսօր 73-ամյա երաժիշտը կյանքից այլևս որևէ պահանջ չունի։ Ասում է՝ գեղեցիկ կյանք է ապրել, իսկ հիմա ուզում է միայն իր երգարվեստով նպաստել ազգային երաժշտության ճանաչմանը և վերաիմաստավորել իր օրերը։ 

«Ես իմ ապրած կյանքի ոչ մի պահի համար չեմ փոշմանում, լավ տարիներ եմ անցկացրել, լավ ընկերներ եմ ունեցել, որոնց մեծ մասն էսօր չկա։ Հիմա էլ ումի՞ց նեղանամ, տարիքն արդեն իրանն ասում ա։ Որ մի օր անցնում ա, ասում եմ՝ էսօր էլ գնաց կյանքիցս․․․

Աղջիկս հիմա էլ չի ուզում, որ նվագեմ, ասում ա՝ հերիք ա, բայց սա ինձ երջանիկ ա դարձնում, ես ուրախ եմ, որ իմ օրերը սենց եմ անցկացնում՝ երգելով ու նվագելով ու որ նաև կարողանում եմ իմ երաժշտությամբ մարդկանց մեջ ազգայինի հանդեպ սերը քիչ-քիչ արթնացնեմ»,- ասում է Վլադիկ Ստեփանյանը։ 

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am