ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը․ Factor.am

Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանադրական է ճանաչել։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Հոդվածը սահմանում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը՝ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով նախատեսված։ Խոսքը վերաբերում է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը, որը Սահմանադրական դատարանում վիճարկում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Այս տարվա փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ը որոշեց պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վարչապետն իր հերթին նախագահ Սարգսյանին միջնորդություն ներկայացրեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Արմեն Սարգսյանը, սակայն, չշտապեց ստորագրել այն և հետ ուղարկեց կառավարություն։

Փետրվարի 27-ին վարչապետը նույն առաջարկությունն առանց փոփոխության  արդեն երկրորդ անգամ ուղարկեց նախագահի աշխատակազմ։ Այս անգամ, սակայն, Սարգսյանը, չստորագրելով Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը, որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարան, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականությունը վիճարկելու, այլ Օնիկ Գասպարյանի ազատման հիմք հանդիսացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով: Այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի որոշումն ուժի մեջ մտավ և մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվեց ազատված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից:

ՍԴ-ն, փաստորեն, 9 ամիս անց որոշում կայացրեց սահմանադրական ճանաչել իրավական այս նորմը։