«Թելադրվող անճաշակության միջոցով այսօր հայ ազգը բթանում է». արվեստագետները` Մեծ եղեռնին առնչվող ռեփի և հոլովակի մասին

«Թելադրվող անճաշակության միջոցով այսօր հայ ազգը բթանում է». արվեստագետները` Մեծ եղեռնին առնչվող ռեփի և հոլովակի մասին
«Թելադրվող անճաշակության միջոցով այսօր հայ ազգը բթանում է». արվեստագետները` Մեծ եղեռնին առնչվող ռեփի և հոլովակի մասին

Շուշան Պետրոսյանի, Հայկոյի, Արամեի, Անդրեի, Սոֆի Մխեյանի, Քրիստինե Պեպելյանի և այլ երգիչների կատարմամբ «Պարտք է ժամանակը ինձ ու քեզ կյանք 1.500.000» երգի տեսահոլովակը, որը հանրությանը ներկայացվեց վերջին օրերին, լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում բուռն քննարկման թեմա է դարձել:
Հիշեցնենք, որ տեսահոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Այն նկարահանել է «Պան Արմենիան մեդիա գրուպ» ընկերությունը: Տեսահոլովակում, բացի երգիչ-երգչուհիներից, նկարահանվել են նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող սերիալների դերասանները, ինչպես նաև «Պան Արմենիան մեդիա գրուպի» այլ աշխատակիցներ: Նշենք, որ երգը ռեփ ժանրի է, իսկ տեսահոլովակում նկարահանվածները սևազգեստ են ու բարկացած հայացքով կրկնում են. «Պարտք է ժամանակը ինձ ու քեզ կյանք 1.500.000»:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը այս տեսահոլովակը մեկ բառով այսպես է որակում’ անճաշակություն:

«Խնդիրը երգի ոճի մեջ չէ, խնդիրն այդ անհասկանալի տվայտանքներն են, անճաշակությունը, դա´ է ինձ համար կարևորը»,- «Մեդիալաբին» ասում է Բաղդասարյանը:

Նա արձանագրում է, որ տեսահոլովակի հեղինակների մշակութային ճաշակը դա է:

«364 օր ռաբիսություն են տալիս եթեր, մի օր էլ սև են հագնում ու դուրս են գալիս, որ ի՞նչ անեն՝ տրաուր անեն ու ուրիշ ինչ-որ կերպարներո՞վ ի հայտ գան: Վաղվանից իրենք սկսելու են նույն ռաբիսությունը այդ նույն մարդկանցով»,- ընդգծում է կինոռեժիսորը:

Կինոռեժիսորը նշում է, որ թելադրվող անճաշակության միջոցով այսօր հայ ազգը բթանում է:

«Եթե այդքան սիրում են թուրքական երաժշտություն, թող գնան Թուրքիայում ապրեն, թողնեն այս երկիրը մեզ»,- ասում է կինոռեժիսորը:

Թատերագետ Լևոն Մութաֆյանը տեսահոլովակը «չափազանց պարզունակ ու որևէ գեղարվեստական արժեք չներկայացնող» է անվանում:

«Արդեն երկու օր է՝ համացանցը ողողված է Ռուբեն Մխիթարյանի տեքստով գրված երգի մասին դատողություններով: Անկեղծ ասած’ անակնկալի եկա’ լսելով մի երգ, որն իբր նվիրված է Ցեղասպանությանը, նրա դատապարտմանն ու հիշողությանը, որում ամեն ինչ կառուցված է շոու բիզնեսին բնորոշ միտումների և սկզբունքների վրա’ առաջնային դարձնելով ռեփն իբրև ժանր: Դեմ չեմ, որ ցանկացած ժանր կարող է արդարացվել, եթե ստեղծագործությունն արժեք ունենա: Սակայն այս դեպքում չափազանց պարզունակ, որևէ գեղարվեստական արժեք չներկայացնող մի հոլովակ է ներկայացվում, ուր գեղարվեստն ու թեման հայտնվել են գետնաքարշության մեջ: Ես չեմ վիճարկում այն, թե ովքեր են կատարում, ինձ դա քիչ է հետաքրքրում: Մտահոգողը մտահղացման պարզունակությունն է, գեղարվեստական չափանիշների անկումը»,- «Մեդիալաբին» ասում է Մութաֆյանը:

Ըստ թատերագետի՝ հոլովակի բեմադրիչն ու տեքստի հեղինակը չափազանց անլուրջ վերաբերմունք է դրսևորել մի թեմայի նկատմամբ, որին ցանկացած անդրադարձ պետք է ընդգծված գեղարվեստական և թեմատիկ ելակետ ունենա, պետք է կարևորվի ողբերգությունը: Նրա խոսքով՝ ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակով արված այս հոլովակը առավելապես նպատակ է ունեցել ցույց տալու մեր աստղերին, ոչ թե անդրադարձ կատարելու համամարդկային հնչեղություն ունեցող խնդրին:

«Երևի իսկապես ամեն տեղ պրոֆեսիոնալիզմ է պետք, ծաղրապատկերային մտածողություն ունեցող մարդիկ պիտի զբաղվեն իրենց գործով’ ձեռք չտալով նման թեմայի»,- ասում է Մութաֆյանը:

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նույնպես կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն այսօր քննադատել է այս տեսահոլովակը՝ գրելով. «Ողբամ քեզ, Պանարմենիան: Ես վերջապես հասկացա, թե ինչո´ւ եմ ռեկլամ նկարում ու չեմ կարողանում ավարտել իմ երկու ֆիլմը: Իսկ «ռեժիսորներ», որոնց ասիստենտ չեմ վերցնի, «ֆիլմեր» են վիժում իրար վրա: Եվ ինչո՞ւ են ինձ բրթում դեպի աերոպորտ: Որ նման հակամշակութային, անճաշակ, ծիծաղելի դերասանական տվայտանքներով լի սպեկուլյացիաներ անեն: Մեկ է՝ մինչև իմ հեռանալը չեմ թողնելու, իմ ուժերի սահմաններում, որ իմ երկիրը սարքեն մշակութային գետտո: Իսկ բոլոր նրանց, ում հուզում են նման ռաբիսությունները, իմ կարեկցանքը մշակութային էլեմենտար ճաշակի բացակայության համար»:

© Medialab.am