Գիշերը ջուր չի լինի, բայց մենք երբեք այսքան անկախ չենք եղել, ինչպես այժմ

Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները հաճախ են ընդգծում, որ երկիրը գտնվում է իր պատմության ամենակայուն և բարեկեցիկ փուլերից մեկում։ Տնտեսական աճի, եկամուտների ավելացման և կյանքի որակի բարելավման մասին հայտարարությունները դարձել են պաշտոնական հաղորդակցության մշտական ուղեկիցը․ Պապոյանը, Ռուբինյանը, Սիմոնյանը ու Փաշինյանը, իրար հերթ չտալով, օր ու գիշեր խոսում են բացառիկ բարեկեցիկ մեր կյանքի մասին։

Այս ֆոնին, սակայն, միանգամայն պատահականորեն պարզվում է, որ մայիսի 1-ից Երևանի գրեթե ամբողջ տարածքում սահմանվում է 17-ժամյա ջրամատակարարում։ Այս մասին են ավետում «Վեոլիա Ջրի» ջրամատակարարման նոր գրաֆիկները :

Այսինքն՝ գիշերվա 12-ից հետո ջուր չի լինելու։ Խոսքը ոչ թե վթարային կամ արտակարգ սահմանափակման մասին է, այլ նախապես հաստատված և հրապարակված գրաֆիկի։

Այսպիսով, արհեստական բանականությամբ, TRIPP-ով, NVIDIA-ի չիպերով ու գերժամանակակից արբանյակներով, մտնում ենք …18-րդ դար՝ առանց մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման։

Երեկ Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին պաշտոնյաներ լուրջ դեմքերով, Փաշինյանը հայտարարեց. «Եվ մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ»։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նաև խոսում էր էշով սարից ջուր բերելու մասին։ Միգուցե արժե՞: Թերևս դա է մեր «նոր ճանապարհը»:

MediaLab.am