Աջակցում են Զարուհի Փոստանջյանին

Աջակցում են Զարուհի Փոստանջյանին

Հայաստանի նախկին քաղբանտարկյալները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է 100 հազար դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով: Զարուհի Փոստանջյանն արդեն հայտարարել է, որ իշխանությունների այդ քայլն ուղղված է իր գործունեության դեմ:
Նախկին քաղբանտարկյալներն իրենց հայտարարության մեծ նշել են, որ իրենք բանտերում են հայտնվել իրենց քաղաքական գործունեության եւ քաղաքական հայացքների համար, եւ կալանավայրերում գտնվելու ողջ ընթացքում զգացել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությունն ու հոգատարությունը:

«Նա եղել է այն խիստ քչաթիվ պատգամավորներից մեկն, ով այցելել ու մշտապես աջակցել է մեզ: Այսօր ՀՀ գործող իշխանությունները, միայն իրենց յուրահատուկ գործելաոճին հավատարիմ, այն է՝ ամեն կերպ ճնշել ու հետապնդել իրենց գծած սահմանների մեջ չտեղավորվող ցանկացած մեկին, Փոստանջյանի եղբորը կալանավորելու միջոցով փորձ են անում ճնշել ու լռեցնել Զարուհուն»,- գրել են նախկին քաղբանտարկյալները:

Հայտարարության հեղինակները դատապարտելով Զարուհի Փոստանջյանի դեմ սկսված այս արշավը, իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտել նրան` վստահ լինելով, որ նա իրեն յուրահատուկ տոկունությամբ եւ իր բարեկամների աջակցությամբ կհաղթահարի այս փորձությունը:

© Medialab.am