Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները հակահամաճարակային միջոցառումներով պայմանավորված դադարը կարող էին օգտագործել նաև համաճարակի հետ անմիջականորեն չառնչվող բնագավառներում տարվող քաղաքականությունները վերանայելու, ինչպես նաև հետ-համաճարակային շրջանի մարտահրավերներին պատրաստվելու համար։

Սակայն, ցավոք սրտի, քաղաքային պլանավորման և զարգացման մասով կարծես թե էական քայլեր չնկատվեցին։ Ավելին, ինչպես և սպասվում էր, հետ-համաճարակային շրջանում կապիտալ ծախսերի և անշարժ գույքի պահանջարկի բավարարման անվան տակ է՛լ ավելի մեծ թափով սկսվելու կամ շարունակվելու են բազմաթիվ վիճելի նախաձեռնություններ։

Դրանց դրսևորումը եղավ արտակարգ դրության ռեժիմի որոշակի մեղման առաջին իսկ օրը Հայպետհրատի շենքի տարածքում Մնջախաղի թատրոնի վիճելի, մեր կարծիքով՝ օրենքի կոպիտ խախտմամբ իրականցվող շինարարական աշխատանքների վերսկսումը։ Արտակարգ դրության պայմաններում «Հին Երևան», ըստ մեզ, հակամշակութային նախագծի վերաբերյալ բարձր մակարդակով կայացած քննարկումը և քննարկումից բխող ենթադրյալ զարգացումները, ինչպես նաև Ֆիրդուսի թաղամասի սպասվող անմշակ շինարարական աշխատանքները, խորապես խնդրահարույց են և անդառնալի կերպով հարվածելու են ներկա իշխանությունների նկատմամբ ձևավորված դրական հանրային ընկալումներին։

Մինչ Երևանում պատմամշակութային նշանակության շենքերն ու շինությունները, միջավայրն ու պատմական հուշը վտանգվում են, պատմական ժառանգության պահանության այլ երկրների փորձը թույլ է տալիս արձանագրել, որ ժառանգության պահպանումը, որպես մոտեցում, ընդլայնվել ու դարձել է համայնքների կազմակերպման ու ըստ այդմ՝ նոր քաղաքաշինական մասնակցային քաղաքականության մշակման հենքը: Կարծում ենք, որ սիրո ու համերաշխության հեղափոխության արժեքները կրող Հայաստանի և Երևանի համար էլ այդ մոտեցումները կարող են հոգեհարազատ դառնալ։

Ուստի՝ մեկ անգամ ևս կոչ ենք անում իշխանություններին փոխել քաղաքային պլանավորման, ժառանգության պահպանություն և քաղաքային տարածքներում շրջակա միջավայրի վրա ազդեցություն թողնող գործունեության շուրջ որոշումների ընդուման փակ գործելաոճը՝ դարձնելով որոշումների կայացումը թափանցիկ և ներառական։ Հակառակ դեպքում այս շրջանը ևս դասվելու է անկախության պատմությանը հատուկ խնդրահարույց քաղաքային զարգացումների շարքին, և թե՛ կարճատև, թե՛ երկարաժամկետ կտրվածքով քայքայելու է ողջ ժամանակաշրջանի նյութական ժառանգությունը։