Մոսկվայում կնքվել է հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք»-ի և Դմիտրի Ռոգաչովի անվան գիտահետազոտական կենտրոնի միջև

Փետրվարի 25-ին Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի և Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ռուսական կողմից՝ Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը և կենտրոնի գիտական հարցերով տնօրեն Միխայիլ Մասչանը:

Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ  համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ կողմերն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ որպեսզի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող յուրաքանչյուր երեխա ստանա ժամանակակից պահանջներին համապատասխան բուժում և առողջանա։ ‹‹Վերջերս իմացա, որ աշխարհում քաղցկեղ ունեցող փոքրիկների գրեթե կեսն ընդհանրապես չի հետազոտվում։

Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներում վիճակագրությունը մի փոքր այլ է, սակայն, պետք է նշեմ, որ մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը, որպեսզի բոլոր դեպքերը ժամանակին հայտնաբերվեն և որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց հետազոտման և համապատասխան բուժման››,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնադրամները հենց այդ նպատակն են հետապնդում՝ աջակցել մասնագետներին հաղթել քաղցկեղին։

Աննա Հակոբյանը կարևորել է համագործակցությունը «Наука-детям» հիմնադրամի հետ՝ հավելելով, որ ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամն էլ ստեղծման օրվանից իր առջև դրել է նպատակ ոչ միայն աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին, այլև նպաստել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը Հայաստանում։

Մոսկվայում կնքված եռակողմ հուշագրի նպատակն է գիտահետազոտական աշխատանքներում ամրապնդել համագործակցությունը, խթանել մասնագետների միջև փորձի փոխանակումը, իրականացնել օնլայն խորհրդատվություն, կազմակերպել համատեղ գիտական հետազոտություններ, կոնֆերանսներ, սիմպոզիումներ և այլն:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը շրջել է կենտրոնով, ծանոթացել բուժման պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ։ Աննա Հակոբյանը կենտրոնում բուժվող փոքրիկներին հայկական արտադրության խաղալիքներ և մանկական զարգացնող խաղեր է նվիրել։

Նույն օրը համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև: