Լեւոն Զուրաբյան. «Քոչարյանի հարցազրույցը համալիր ճնշումների արդյունք է»

Լեւոն Զուրաբյան. «Քոչարյանի հարցազրույցը համալիր ճնշումների արդյունք է»
Լեւոն Զուրաբյան. «Քոչարյանի հարցազրույցը համալիր ճնշումների արդյունք է»

Ընդդիմադիր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը խոսում է այն մասին, որ վերջինս «ուղղակի սարսափած» է:

Լեւոն Զուրաբյանը այդ հարցազրույցը պայմանավորում է մի քանի հանգամանքների համադրությամբ` ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույց, Համաժողովրդական շարժման ճնշումները, Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության պահանջների կատարում եւ նաեւ միջազգային այլ կառույցների ճնշումներ:

«Այսինքն, Քոչարյանի հարցազրույցը համալիր ճնշումների արդյունք է: Առաջին անգամ Թոմաս Համարբերգը խոսեց Մարտի մեկին հրաման տվողների մասին, ոչ թե կրակողների, այլ հենց հրաման տվողների մասին»,- «Մեդիալաբի» հետ զրույցում արձանագրեց Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի տասին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է մարտի մեկի թեմային, ինչպե նաեւ ընդդիմություն-իշխանություն հավանական երկխոսությանը:

«Բազմաթիվ մտքեր արտահայտվեցին առ այն, թե ո՞ւմ էին ձեռնտու «մարտի 1-ի» ողբերգական իրադարձությունները: Պատասխանը շատ պարզ է. նրանց, ովքեր այսօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները, բայց հաստատ ոչ իշխանություններին` թե ներկայիս, թե նախորդ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաեւ նշել է, թե ««Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմի մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով»:

«Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ»,- ասել է Քոչարյանը:

© Medialab.am