«Շատ հարցեր կան, որոնք դեռ կպարզվեն. դատավոր Բորիս Բախշիյանի դեպքը հիշենք, որը վերջերս դատարանի վճռով արդարացվեց». Նորայր Նորիկյան

Իրավաբան, փաստաբանական ակտիվ գործունեություն իրականացնող Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և նրան կալանավորելը երկրում գոյություն ունեցող խորքային խնդիրների նշան են:

«Ցանկացած երկրում դատավորին մեղադրանք առաջադրելը, ընդհուպ նրան կալանավորելը խոսում են այդ երկրում գոյություն ունեցող խորքային խնդիրների մասին, դատաիրավական համակարգում գոյություն ունեցող որոշ արժեհամակարգային վատ երևույթների մասին»,- «Մեդիալաբին» ասում է Նորիկյանը:

Նկատենք՝ խոսքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է, որին հոկտեմբերի 17-ին ձերբակալել էին, այսօր էլ նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Ռազմիկ Մարիկյանը, որոշեց կալանավորել: Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործը Ազգային անվտանգության ծառայության վարույթում է, որի մանրամասների վերաբերյալ առայժմ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել: Հայտնի  միայն, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավորին ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։

Ձերբակալությունից ժամեր անց հաղորդվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: Դատախազի միջնորդությունները Կարեն Անդրեասյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդը անմիջապես բավարարել է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ դատավորի և փաստաբանի մեղադրանքն առնչվում է Ֆազ մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին կալանքից ազատ արձակելուն՝ բավարարելով նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը: ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, իսկ փաստաբանին՝ դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Ի դեպ, կալանավորված դատավորը որոշ ժամանակ առաջ ընդդիմադիր հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացրել, որը 4 ամիս առաջ հենց դատարանի դահլիճում մահացել էր:

Դատավոր Ալեքսանյանին կալանավորելը պաշտպանների համար անսպասելի չէր այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել, ըստ դատավորի փաստաբան Երեմ Սարգսյանի՝ այլ բան սպասելի չէր:

«Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն, ինչպես խոստացել էին։ Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից»,- հայտարարել էր փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Սա ահազանգ է, որ մեր հանրային կյանքը վերափոխելուն ուղղված շատ անելիք կա անելու: Բնականաբար, պետք է օբյեկտիվ քննություն տեղի ունենա՝ պարզելու ինչպես դատավորին մեղսագրվող արարքի առկայությունը, այնպես էլ նրան արդարացնող հանգամանքները»,- նշում է Նորիկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը՝ անկախ իրենց ունեցած կարգավիճակից:

Կատարվածից փաստաբանը եզրակացրել է՝ դեռևս շատ գործ կա անելու դատաիրավական համակարգում:

«Ես չգիտեմ՝ վարույթն իրականացնող մարմինը ինչ ծավալի գործ է արել, ինչ հիմքեր է դրել մեղադրանքի հիմքում, ունի՞ փաստեր նման կերպ դատավորին մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու համար: Շատ հարցեր կան, որոնք կպարզվեն ժամանակի ընթացքում, և հենց այդ ժամանակ հայտնի կլինի՝ գործը սարքվե՞լ է, թե՞ ոչ, անձի նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Որ մտավախություն կա, հաստատ է: Դատավոր Բորիս Բախշիյանի դեպքը հիշենք, որը վերջերս դատարանի վճռով արդարացվեց. նրա նկատմամբ էլ քրեական հետապնդում իրականացվեց, նրան էլ ազատությունից զրկեցին, և հանկարծ արդարացվեց: Մենք պետք է չափից դուրս լուրջ մոտենանք ու լուրջ վերաբերվենք նման գործերին, ի վերջո, խոսքը դատարանի մասին է: Եթե վերջում պարզվի՝ դատավորի նկատմամբ էլ արդարություն չի իրականացվում, պատկերացրեք շարքային քաղաքացու ընկալումը դատական համակարգի, արդարադատության նկատմամբ»,- նշում է Նորիկյանը:

Հիշեցնենք՝ Բախշիյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ ապօրինի կալանավորել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին, որը Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն էր: Դատաքննությունը, սակայն, պարզել էր, որ Բախշիյանը մեղավոր չէ առաջադրված մեղադրանքում, և դատարանի վճռով նա արդարացվել էր:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am