«Մինչև Արցախում չլինեն սահմանադրական փոփոխություններ և նոր արտահերթ ընտրություններ, ճգնաժամը չի վերանա». Դավիթ Գալստյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

Պարո՛ն Գալստյան, ձեր խմբակցությունն առաջարկում է սահմանադրական փոփոխություններ, կառավարման մոդելի փոփոխություն՝ անցում կիսանախագահականի, հաջորդ մեկ տարվա ընթացքում էլ անցկացնել Ազգային ժողովի, այնուհետև՝ նախագահի ընտրություններ։ Քաղաքագիտական շրջանակներն ասում են, որ ստեղծված իրավիճակում նման փոփոխություններն Արցախի համար անդառնալի հետևանքներ կարող են ունենալ։ Հնարավոր վտանգները հաշվի առե՞լ եք։

– Արցախն իր ստեղծման օրվանից երբևէ թույլտվություն չի հարցրել որևէ մեկից որևէ հարցի վերաբերյալ, մենք դրա կարիքը չենք ունեցել և այսօր էլ չունենք։ Ժողովրդավար պետության իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, իսկ այսօր փաստ է, որ օրվա իշխանությունը չի արտահայտում ժողովրդի կամքը։ Պատերազմից հետո տրամադրությունները փոխվել են, մարդիկ բառացի մեզ ասում են, որ սխալվել են՝ 2020 թվականին այս իշխանությանը սատարելով։ 

Այսօր իշխանական թևին է ձեռնտու տարբեր պատրվակներով խոչընդոտել մեր առաջարկի իրագործումը, նրանք փորձում են մեր հանրությանը մոլորեցնելով երկարաձգել իրենց պաշտոնավարման ժամկետը։ Ընտրություններ պարտադիր պետք է լինեն, Արցախի Հանրապետությունը համայն աշխարհին պետք է ապացուցի, որ իր գոյությունն այլևս իրողություն է, և մենք պայքարում ենք Արցախի անկախության ճանաչման համար, իսկ մենք այսօր Արցախում ունենք իշխանություն, որը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը։

Իսկ Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ շահերն է սպասարկում։

– Կոնկրետ չեմ կարող ասել, թե ում շահերն է սպասարկում Նիկոլ Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ վարում է ոչ հայամետ քաղաքականություն։

Պարո՛ն Գալստյան, պնդո՞ւմ եք, որ Արցախում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա։

– Այո՛, ստեղծված այս ճգնաժամը միայն ընտրություններով կարող է հաղթահարվել։

Ձեզ հակադարձում են իշխանական թիմից՝ ասելով, որ ընդդիմությունը ևս մասնակցում է քննարկումների, կարող է առաջարկություններով հանդես գալ, նշում են, որ ամենևին էլ իշխանափոխության հանրային պահանջ չկա, ինչպես դուք եք նշում։

– Այդ մեղադրանքներին ոչ թե կհակադարձեմ, այլ կասեմ մի բան․ այսօրվա իշխանությունները 20 թվականին բարեգործության անվան տակ մարդկանց կարողացան համոզել, որ իրենց օգտին քվեարկեն, բայց Արցախում այլևս նման ընտրություններ չեն լինելու, թույլ չենք տալու։ Եթե իշխանական պատգամավորները փորձում են ցույց տալ, որ հանրային պահանջ չկա՝ միանշանակ իրենց վախերով է պայմանավորված, որովհետև նրանք գիտեն, որ այլևս չեն կարող լինել իշխանություն։ Եթե նրանք ասում են, որ հանրային պահանջ չկա, չեն տիրապետում իրավիճակին, քանի անգամ ականատես եղանք բողոքի ցույցերի։

Երբ ասում են, թե ընդդիմությունը ևս մասնակցում է քննարկումների, կարող է առաջարկություններով հանդես գալ, մոլորեցնում են հանրությանը, քանի որ ընդդիմությունը փոքրաթիվ է և որոշում կայացնել չի կարող, իսկ մեր առաջարկությունները իրենք չեն ընդունում։

Ա՛յ հենց դա էլ որպես փաստարկ նշում են նրանք, որ եթե պահանջը մեծ լիներ, այդ ցույցերը չէին դադարի։

– Ի տարբերություն մեր իշխանության, մեր հանրությունը, տեսնելով Հայաստանի օրինակը, շատ ավելի լավ է հասկանում, որ Արցախում փողոցով իշխանություն ձևավորելը կբերի շատ ավելի վատ հետևանքների։ Հենց դա է պատճառը, որ այդ ցույցերը մարեցին։ 

Պարո՛ն Գալստյան, ասում եք, թե թույլ չեք տա որևէ կերպ գործող իշխանության վերարտադրությունը, բայց որտեղի՞ց այդ վստահությունը, որ Հայաստանի սցենարն այստեղ էլ չի կրկնվի։ Հայաստանում էլ ընդդիմությունը, ինչպես դուք, ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու որևէ շանս չունի։

– Ի տարբերություն Հայաստանի մեր հայրենակիցների, արցախցիներն ավելի շատ ու անմիջապես իրենց մաշկի վրա զգացին պատերազմի հետևանքները, այն պատերազմի, որի ժամանակ հնչել են բազմաթիվ անտրամաբանական հրամաններ, և ակնհայտ է եղել, որ առկա է եղել մեծ դավադրություն։

Իշխանական թևից նշում են, որ Արցախում նաև անհրաժեշտություն չկա Սահմանադրության փոփոխության։ Ձեր խմբակցությունը ինչո՞ւ է ուզում այդ քայլին գնալ։

– Նույն իշխանական թևի պատգամավորները մի քանի շաբաթ առաջ ասում էին, որ Արցախի Սահմանադրությունը Հրայր Թովմասյանը փաթաթել է իրենց վզին՝ կատարելով քաղաքական հստակ պատվեր։ Իսկ այսօր լրիվ ուրիշ բան են ասում, չեն կողմնորոշվում, աշխատում են հրշեջի պես՝ որտեղից ահազանգ է լինում, փորձում են մարել այդ։ 

– Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի նման մեղքը միշտ բարդում է նախկինների վրա՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի նախկին իշխանությունների։ Այսօր քաղաքական պատվերից խոսում է մի մարդ, որն ամեն օր քաղաքական պատվեր է իրականացնում։ Հինգ օր առաջ պատվեր է ստացել Սահմանադրությունը փնովել, այսօր էլ՝ պատվեր է ստացել այդ նույն Սահմանադրությունը գովերգել, իրենք իրենց հակասում են։ Այսպիսի մարդն այսօր իշխանություն է, և հենց սա է պատճառներից մեկը, որ մենք ուզում ենք ձերբազատվել այս կարգի պատվեր իրականացնող իշխանավորներից։

Սահմանադրական փոփոխություններն ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս եք պատկերացնում։

– Մաքսիմալ սեղմ ժամկետներում պետք է արվի։ Այսօր մի իրավիճակում ենք, երբ յուրաքանչյուր քայլ պետք է կատարվի օպերատիվ, որպեսզի երկիրը դնենք իր բնականոն հունի մեջ։ Մինչև չլինեն սահմանադրական փոփոխություններ և նոր արտահերթ ընտրություններ, այս ճգնաժամը չի վերանա։ 

Եթե իշխանությունը չընդունի ձեր առաջարկը, պարո՛ն Գալստյան, ի՞նչ եք անելու։

– Ես չէի ուզենա գուշակություններով զբաղվել, մենք փորձում ենք քաղաքակիրթ ճանապարհով հասնել այս ամենին։ Եթե հանկարծ որոշեն չգնալ այդ փոփոխություններին, իհարկե մեր ասածը լոկ հայտարարություն չի մնա։ 

Նախագահի ձեր թեկնածուն ունե՞ք արդեն։

– Անուններ չեմ հնչեցնի, բայց կասեմ այսպես՝ այս իշխանության մեջ եղած ու պարտության մաս կազմող անձանցից և ոչ ոք։

Արցախի ներկայիս իշխանությունը կարողանո՞ւմ է ինչպես հարկն է ապահովել բնակչության և սահմանային անվտանգությունը։

– Արայիկ Հարությունյանն իր ելույթներում երբեք անվտանգությունից չի խոսում։ Խոսում է միայն սոցիալական ծրագրերից, կոմունիկացիաների բացումից, ճանապարհաշինությունից, բայց ոչ անվտանգությունից։ Արցախահայության միակ հույսը ռուս խաղաղապահներն են։

Հայաստանի Հանրապետությունը շարունակո՞ւմ է մնալ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, պարո՛ն Գալստյան։

– Ցավոք սրտի, Հայաստանն այսօր իր իսկ անվտանգության երաշխավորը չէ, ինչպե՞ս կարող է Արցախի անվտանգության երաշխավորը լինել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am