Մարտի մեկի մասին ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

Հունիսի 11-ին, երեկոյան ժամը 7-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Գլենդելի Beyond the Star’s Palace-ում` «Star’s» կինոթատրոնում կցուցադրվի գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի եւ ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմը, որը պատմում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին:
Այդ մասին տեղեկատվությունն այսօր` մայիսի քսաներեքի առավոտյան տարածել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Լոս Անջելեսի գրասենյակը:
Ըստ այդ տեղեկատվության, ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն եւ քաղաքացիների հարցերին կպատասխեն ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը, Հայաստանի Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

 

Հիշեցնենք, որ ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի երկուսին` Երեւանում Փաստարկ մամուլի ակումբում:

Այնուհետեւ ֆիլմը ակտիվորեն բաժանվեց Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչներին, Հայաստանում միջազգգային կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ Հայաստանում ներկայացված դիվանագիտական կորպուսին:

Ֆիլմը արդեն թողարկվել է նաեւ անգլերեն տարբերակով:

Ի դեպ, ֆիլմը ուղարկվել էր նաեւ Հայաստանյան բոլոր հեռուստաընկերություններին, ինչպես նաեւ «Մոսկվա» կինոթատրոնին` ցուցադրություն կազմակերպելու համար:

Թեեւ ոչ պաշտոնապես, այսինքն` գրավոր տեքստով, սակայն, «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Անդոյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցոմ փաստացի մերժել էր ֆիլմը ցուցադրել:

© Medialab.am