Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ․ Տեսանյութ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2017 թ․ մարտի 30-ին 10․000․000 դրամով Երևան քաղաքում գնվել է տուն, որը սակայն 2017 թ․ մայիսի 11-ի որոշմամբ, որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ ոստիկանությանը: Այնուհետև 2017 թ․ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետի հրամանով, հիշյալ տունը սեփականության իրավունքով հատկացվել է ընդամենը 6 օր ոստիկանության զորքերում ծառայության անցած աշխատակցուհուն։

Պարզվել է, որ անշարժ գույքի ձեռքբերման և նվիրատվության ընթացքում կատարվել են մի շարք չարաշահումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել ՀՀ կառավարության 24․07․2008 թ․ թիվ 805-Ն որոշմամբ սահմանված՝ զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարաններ տրամադրելու առաջնահերթություններից երկարամյա /5 կամ 10 տարվա/ ծառայության ստաժի պահանջը, այն պայմաններում, երբ ոստիկանության կրթահամալիրում նույն ժամանակահատվածում ծառայել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող մի շարք երկարամյա ծառայողներ: Չեն իրականացվել ՀՀ կառավարության 07․03․2007 թ․ թիվ 384-Ն որոշմամբ սահմանված ուսումնասիրությունները՝ ծառայողի սոցիալական վիճակը՝ բնակարանային պայմանները պարզելու և կարիքները գնահատելու համար և չեն պահանջվել որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

Բացի այդ, պարզվել է, որ նշված ծառայողը, 2017 թ․ հունիսի 16-ից 2018 թ․ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի շտաբի նվագախմբի երաժշտի պաշտոնը և այդ պաշտոնի համար վարձատրվելով, երբևէ չի ներկայացել ոստիկանության զորքերում ծառայության, սակայն վարձատրվել է։

Նկատի ունենալով, որ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայել են այն մասին, որ վերջինիս ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի նվագախմբի երաժշտի հաստիքին հրամանագրելու և ոստիկանության զորքերում ծառայության չներկայանալու պարագայում նրան վարձատրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար ձեռք բերված առանձնատունը նրան տրամադրելու գործընթացքում պաշտոնատար անձանց դրսևորած գործողություններում առկա են եղել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։