Հարուցվել է քրեական գործ` Նուբարաշենի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ

Երեւան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով` Հունիսի 4-ին` ժամը 12:00-ին, «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2011թ. հունիսի 3-ին` ժամը 19:00-ից մինչեւ 2011թ. հունիսի 4-ի 11:00-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց են տեղափոխվել Երեւան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի թվով 25 բնակիչներ:

«Նյութերի ուսումնասիրությամբ, նախնական տվյալների համաձայն պարզվել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է հանդիսացել խմելու ջուրը: Մասնավորապես` Ազատ գետի վարարելու հետեւանքով 2011թ. մայիսի 31-ի գիշերվանից սկսած չի գործել «Գառնի» պոմպակայանը, որի պատճառով ջրատարում ջրի ճնշումը նվազել է: Արդյունքում` Նուբարաշեն թաղամասի շենքերը ջրազրկվել են կամ էլ ունեցել են թույլ ճնշմամբ ջուր: Նուբարաշեն թաղամասի 11-րդ եւ 9-րդ փողոցների հատման կետում հայտնաբերվել է վնասված հատված, որի պատճառով նշված փողոցի ջրամատակարարումը դադարեցվել է»,-տեղեկացնում է Դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, հարուցված քրեական գործով իրականացվել են առաջնահերթ քննչական գործողություններ, առգրավվել է վնասված ջրատար խողովակաշարի նմուշներ: Քաղաքացիներից վերցվել են տարբեր ժամանակահատվածներում հավաքած ջրի նմուշներ և նշանակվել է սանիտարահիգիենիկ փորձաքննություն: Հիվանդանոց դիմած շուրջ 54 քաղաքացիների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ներգրավվել են համապատասխան մասնագետներ, hարցաքննվել է 44 մարդ:

«Նախաքննությունը շարունակվում է և փորձագիտական եզրակացությունները ստանալուց հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի հանրությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

© Medialab.am