Արցախում սադրանքները պատահական չէին, Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում տեղակայել իր զինված ուժերը. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, այս օրերին Արցախում կատարվող ռազմական սադրանքները Ադրբեջանն իրականացնում է Թուրքիայի հետ համաձայնեցվա՞ծ։ 

– Դրանում ոչ մի կասկած չունեմ, այո՛, Թուրքիայի հետ համաձայնեցված են ու ոչ միայն համաձայնեցված են, այլ նաև մաս են կազմում մի ծրագրի, որի նպատակն էր այսօր կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ լարել իրավիճակը տարածաշրջանում, որպեսզի այդ հարցը դառնար նախագահների քննարկման առարկա։

– Նպատակը ո՞րն է։

– Ուզում են Պուտինի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրել ու փորձեն հասնել իրենց նպատակներին, այսինքն՝ հարցը, որ Էրդողանը Պուտինի առաջ բարձրացնի ու նրանից խոստում կորզի, որ վերջինս Հայաստանի վրա ճնշում կգործադրի։ 

Եթե վերանանք քաղաքականությունից, զուտ աշխարհաքաղաքական հարթության վրա, ապա Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում տեղակայել իր զինված ուժերը՝ լեգիտիմ ինչ-որ իրավունք ստանալով կա՛մ ռազմաբազայի ձևով, կա՛մ խաղաղապահ ուժերի կազմում ներկայացված լինելով։ Այս փուլում Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակը դա է, իհարկե, չեմ կարծում, որ այս անգամ դա նրանց կհաջողվի, բայց նրանք կամաց-կամաց ձգտում են հասնել դրան։

– Ու դրան փորձում է հասնել ռազմական սադրանքների միջոցո՞վ, որոնք իրականացնում է Ադրբեջանը, պարո՛ն Սաֆրաստյան։

– Այո՛, այդ սադրանքներով, որոնք իրականացնում է Ադրբեջանը։ Նրանք Թուրքիայի հետ ոչ միայն համաձայնեցված, այլ նաև կոորդինացված են գործում, իհարկե՝ Թուրքիայի հիմնական ղեկավարությամբ։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի համար ապահովելու անարգել երթևեկություն Հայաստանի տարածքով, ինչը թույլ կտա Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի օգտվում Նիկոլ Փաշինյանի ընձեռած հնարավորությունից։

– Չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնի դրան, որովհետև եթե օգտագործի այդ ճանապարհները, նշանակում է, որ պետք է հրաժարվի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, դրա համար էլ Ադրբեջանին բացարձակ շահավետ չէ, որ ինքը ստանա այդ իրավունքը:

Նրա համար ավելի կարևոր է «Զանգեզուրի միջանցքը», որն ըստ էության հենց միջանցք է, այսինքն՝ նրա համար կարևոր է ոչ միայն կոմունիկացիան, այլև այդ կոմունիկացիան վերահսկելու հնարավորությունը, իսկ եթե Հայաստանի կոմունիկացիաներն իրենց տրամադրվում են, ու իրենք դրանցից օգտվում են, ապա դա լինում է Հայաստանի վերահսկողության ներքո, ինչը նրանք չեն ուզում։ 

Նրանց Սյունիքով անցնող այդ ճանապարհը պետք է, որ հետագայում նաև օգտագործեն պանթյուրքիստական նպատակներն իրականացնելու համար։ Կա նաև մեկ հանգամանք ևս, որ մեզնից շատերը դրան ուշադրություն չեն դարձնում. փաստորեն եթե դա լինի միջանցք, իսկ ես հույս ունեմ, որ դա չի լինելու միջանցք, լինելու է կոմունիկացիա, ապա դա կլինի առաջին քայլը, հետագայում նրանք կբարձրաձայնեն այդ միջանցքի անվտանգ չլինելու հարցը և առաջ կքաշեն այդ միջանցքի ընդլայնման գաղափարը ու կամաց-կամաց կփորձեն Սյունիքի մեծ մասը կամ ամբողջը դարձնել իրենցը, նրանք միայն միջանցքով չեն սահմանափակվելու։

– Փաստորեն, Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի հստակ դիրքորոշումը ևս չի՞ ստիպել Ադրբեջանին ու Թուրքիային հրաժարվել միջանցքային տրամաբանությունից։

– Իհարկե ո՛չ։ Թուրքիան իրականացնում է իր ռազմավարական նպատակները, կարող է՝ ավելի ինտենսիվորեն, ժամանակ առ ժամանակ՝ ավելի պասիվ, բայց ես համոզված եմ, որ քանի դեռ Էրդողանն է Թուրքիայի ղեկավարը, ապա Թուրքիան այդ նպատակները, որոնք ոչ միայն Հարավային Կովկասի հետ են կապված, այլև շատ ու շատ տարածաշրջանների, իրականացնելու է, որովհետև վերջին տարիներին Թուրքիան անցկացնում է համաշխարհային մակարդակով ռազմավարություն տարբեր տարածաշրջաններում, որի նպատակն է իր գերիշխանության տակ վերցնել իրեն հարող տարածաշրջանները։ 

Իսկ Հարավային Կովկասը նրանց համար շատ կարևոր է․ պատմականորեն, եթե շատ հեռու չգնանք՝ Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր ամեն ինչ անում են, իհարկե սկզբում ուզում էին ամբողջությամբ գրավել տարածաշրջանը, բայց հիմա կարևորում են իրենց ազդեցությունն այստեղ քայլ առ քայլ ուժեղացնել, Հարավային Կովկասը դարձնել իրենց ազդեցության գոտի։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, Պուտին-Էրդողան հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Այս հանդիպումից հետո Արցախում սադրանքները կշարունակվե՞ն, թե՞ ոչ։

– Հիմնականում, իհարկե, կքննարկվեն Ուկրաինայի ու Սիրիայի խնդիրները, հետո՝ երկկողմ խնդիրները, որ կան Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, որովհետև Թուրքիան հիմա շատ կարևոր է դարձել Ռուսաստանի համար: 

Եվրոպական երկու երկիր կա, որ իր տարածքը չի փակել Ռուսաստանի համար, մեկը Սերբիան է, մյուսը՝ Թուրքիան, էլ չեմ խոսում տնտեսական հարաբերությունների մասին, որոնք գնալով ավելի են ընդլայնվում, որովհետև Թուրքիան չի մասնակցում պատժամիջոցներին։ Էրդողանը կփորձի համոզել Պուտինին, որ իր համաձայնությունը տա, որ չորրորդ ագրեսիվ հարձակումն իրականացնեն Սիրիայի հյուսիսում։ 

Նաև քննարկվելու է Հարավային Կովկասի խնդիրը, և, ինչպես ասացի, այս վերջին շրջանի սադրանքները, որ արվում էին, նպատակ ունեին Հարավային Կովկասի խնդիրը դարձնել քննարկման առարկա Սոչիում։ Ինչ որոշումներ, համաձայնություններ ձեռք կբերվեն՝ դրանցից էլ շատ բան կախված կլինի։ 

Կարծում եմ, որ Ռուսաստանը, թեև հիմա ծանր վիճակում է, բայց ամեն ինչ կանի, որ իր դիրքերը Հարավային Կովկասում պահպանի, իսկ նրա դիրքերի պահպանումը տարածաշրջանում կախված է Արցախի հիմնահարցի այն տարբերակից, որ ռուսները եռակողմ համաձայնությամբ առաջարկեցին ու ընդունել տվեցին Ադրբեջանին, այսինքն՝ որ Արցախում լինի հայ բնակչություն, ինչն էլ կհիմնավորի ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում։ Ա՛յ սա Ռուսաստանն ամեն կերպ կփորձի պահել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am