Կողմերը տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների մասին. ՀՀ ԱԳՆ

Հեղինակ MediaLab

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը տեղեկացված են հակամարտության կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի ու հանդիպումների մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Կողմերն, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի մասին, որը ներառում է նաեւ նրանց շփումները ԵԱՀԿ մասնակից տարբեր պետությունների և միջազգային կառույցների հետ»,-ընդգծեց Նաղդալյանը:

ինսկի խմբի համանախագահները մարտի 2-ին Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, մարտի 3-ին միջնորդների հանդիպումները շարունակվել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) ստամբուլյան կենտրոնակայանում:  Ինչպես հաղորդում է ՍԾՏՀ պաշտոնական կայքը, համանախագահների նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը նրանք ծանոթացել են կազմակերպության վերջին շրջանի գործունեությանը՝ որպես սևծովյան տարածաշրջանում առավել ընդլայնված գործակցության կարևոր հարթակ:

Համանախագահները մշտապես հանդիպումներ են ունենում Մինսկի խմբի անդամների հետ՝ ներկայացնելով հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումները: Թուրքիայում կայացած հանդիպումները ևս կարելի է դիտարկել հերթական քննարկումների տեսանկյունից: Նման այց կայացել է նաև 2017թ. նոյեմբերի 29-ին:

Այցի մասին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարարը՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում՝ նշելով. «Ընդունել եմ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ջեյմս Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Անկարայում և վերահաստատել եմ Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»:Միջազգային կազմակերպություններում միջնորդների հանդիպումների շարքը ևս նորություն չէ, քանի որ դրանք կրում են պարբերական բնույթ: ԱՄՆ-ում՝ թե Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում, թե Վաշինգտոնում խորհրդատվությունների մասին բազմիցս իրազեկում էր նաև ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:  Համանախագահները նման հանդիպում ունեցել են նաև 2019թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

2018թ. հունիսին Մինսկ կատարած այցի շրջանակներում համանախագահները հանդիպել են նաև Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ