Վլադիմիր Կարապետյան. համանախագահները Երեւան են բերելու ադրբեջանական առաջարկությունները

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կբերեն Կազանում Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները:

«Կարծում եմ՝ համանախագահները Երեւան են բերելու ադրբեջանական առաջարկությունները»,- հայտարարել է Կարապետյանը: Նա նշել է, թե համանախագահները Երեւանում կքննարկեն հարցը, թե Բաքվի առաջարկներից որոնք են ընդունելի հայկական կողմի համար, ինչպես նաեւ հավելել է, թե շատ կուզենար, որ հայկական կողմն էլ հանդես գար առաջարկներով:

«Կազանի հանդիպումը, կարծում եմ, ցույց է տալիս, որ գործընթացն ավարտված չէ եւ դրա վկայությունն է այն, որ միջնորդները շահագրգռված են հասնել ԼՂ հակամարտության խաղաղկարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը, եւ որ կողմերից մեկը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել առաջարկվող փաստաթուղթը»,- հավելել է Կարապետյանը

Կարապետյանի խոսքով, Սերժ Սարգսյանը կազանյան հանդիպումից օրեր առաջ՝ Ստրասբուրգում հայտարարեց, որ փաստաթուղթը մեր երազածը չէ, եւ «եթե Ադրբեջանը նոր փոփոխությունները չանի, ապա Հայաստանը պատրաստ է ապահովել գործընթացի առաջընթացը. այսինքն ստորագրել առաջարկվող փաստաթուղթը»։

© Medialab.am