ՍԱՏՄ-ն Արմավիրի մարզում կասեցրել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել մարզի Արաքս համայնքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում:

Պարզվել է, որ այստեղ չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային շենքերը մաքուր և նորոգ չեն եղել, հանրային սննդի կետը ապահովված չի եղել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ միջատների ու կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու համար:

Պարզվել է նաև, որ Արամ Խաչատրյանն ինքը, որ ներգրավված է սննդի պատրաստման գործընթացում, չի անցել նախնական բժշկական զննություն և չի ունեցել սանիտարական գրքույկ:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական, սահմանվել է ժամկետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: