Մեդվեդեւն ու Ալիեւը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Մեդվեդեւն ու Ալիեւը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը
Մեդվեդեւն ու Ալիեւը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Այսօր` Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանիպումը: Ալիեւը աշխատանքային այցով Ռուսաստան էր մեկնել Մեդվեդեւի հրավերով:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագայի պաշտոնական կայքէջը, հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաեւ օրակարգում ընդգրկված տարածաշրջնայիան հարցերի եւ մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին:

«Իհարկե, ամենակարեւոր հարցերից մեկը ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է, եւ այստեղ ես կցանկանայի ձեզ հետ ծայրահեղ բաց խոսակցություն ունենալ այն մասին, թե ինչ անել հետո, ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները` հաշվի առնելով մեր վերջին եռակողմ հանդիպումը, որը կայացավ Կազանում, ինչպես նաեւ նույն ֆորմատով մեր նախորդ հանդիպումները»,- ասել է ՌԴ նախագահը:

Դմիտրի Մեդվեդեւը ասել է, թե տարածաշրջանյին հիմնախնդրի կարգավորումը շատ կարեւոր է, քանի որ «մենք մոտ երկրներ ենք, մենք հարեւաններ ենք, մենք շատ մոտ ընկերներ ենք, գործընկերներ ենք»:

«Եւ կախված այն բանից, թե ինչպես է զարգանում իրավիճակը մեր տարածաշրջանում, կախված է նաեւ, ըստ էության, մեր երկրների, մեր ժողովորդների եւ ողջ տարածաշրջանի ինքնազգացողությունը: Ուստի, ես կցանկանայի նաեւ խորհրդակցել այս հարցերի շուրջ»,- ասել է Մեդվեդեւը:

Իր հերթին Իլհամ Ալիեւն էլ շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին` ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ցուցաբերած անձնական ջանքերի համար:

«Եւ այն եռակողմ հանդիպումների ռաունդները, որոնք անց են կացվել, իհարկե, շատ են մոտեցրել կողմերի դիրքորոշումները: Դա տարածաշրջանային անվտանգության գլխավոր խնդիրներից մեկն է, եւ իհարկե, Ադրբեջանը` ավելի քան ուրիշները, շահագրգռված է հակամարտության կարգավորման հարցում, որպեսզի բոլոր տեղահանված անձինք վերադառնան իրենց բնակության վայրերը, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, հանգստություն, համագործակցություն»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ այն սկզբունքները, որոնց հիման վրա ընթանում է հակամարտության կարգավորումը, արտացոլում են միջազգային իրավական նորմերն ու առողջ բանականությունը:

«Ուստի, հակամարտության շուտափույթ կարգավորումը բոլոր կողմերի շահերից է բխում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

© Medialab.am