Կորոնավիրուսը Ռուսաստանում. 59 հիվանդ, սակայն թոքաբորբի դեպքերի կասկածելի աճ

Ռուսաստանում մարտի 14-ին արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այժմ երկրում COVID-19-ով 59 վարակված կա, հաղորդում է «Նովայա գազետան»՝ հղում անելով նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման և պայքարի արագ արձագանքնման շտաբի տվյալներին:

Կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ Ռուսաստանը փակել է Նորվեգիայի և Լեհաստանի հետ սահմանները:

9 նոր դեպք է հայտնաբերվել Մոսկվայում, վարակվախներ են հայտնաբերվել նաև Մերձմոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Կալինինգրադի շրջանում:

Բոլոր 14 անձինք վերջին շրջանում այցելել են երկրներ, որտեղ տարածված է կորոնավիրուսը. նրանք մեկնել են Իտալիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Գերմանիա, Իսպանիա, Լեհաստան և Շվեյցարիա:

Միևնույն ժամանակ, պետական վիճակագրական ծառայության տվյալներով, թոքաբորբով հիվանդների թիվը Մոսկվայում հունվարին 2019 թվականի հունվարի համեմատ աճել է 37 տոկոսով, հաղորդում է «Դոժդ» («Дождь») հեռուստաընկերությունը: Թոքաբորբը կորոնավիրուսի ամենատարածված բարդությունն է:

Մայրաքաղաքում հիվանդներից երեքը անչափահաս են, մարտի 10-ից նրանց դասարանները կարանտինի մեջ են գտնվում:

Մոսկվայում և դրա շուրջ գտնվող մասնավոր դպրոցները հայտարարել են պարապմունքները դադարեցնելու մասին, պետական դպրոցները առաջարկել են ազատ հաճախում՝ ծնողների հայեցողությամբ:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգված խորհուրդ ստեղծելու մասին, հաղորդել, որ Ռուսաստանում անհրաժեշտ է մտցնել երկշաբաթյա կարանտին ռիսկային խմբի մեջ մտնող մարդկանց համար և խնդրել ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ արտասահման մեկնելուց։

JAMNEWS, «ՆՈՎԱՅԱ ԳԱԶԵՏԱ»