Դավիթ Հարությունյանը ցավում է ընդդիմության դեմարշի համար

«Ի զարմանս ինձ այսօրվա հանդիպմանը ներկայացավ պատվիրակության միայն մեկ անդամ, ով ասեց, որ պատվիրակությունն այս ռաունդում չի ներկայանալու: Ինձ համար դա տարօրինակ էր, ճիշտն ասած»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել երկխոսության համար ձեւավորված իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10-ին նախատեսված հանդիպմանը ընդդիմությունը չի ներկայացել, իսկ քիչ առաջ էլ ընդդիմադիր պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե պատճառը ձերբակալված երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն է, եւ որ ընդդիմությունն առկախում է իր մասնակցությունը բանակցություններին:

Դավիթ Հարությունյանը նշել է նաեւ, թե «մինչ այս ձևավորված մեր աշխատանքային հարաբերություններն այնպիսին չէին, որ պետք է ներկայանար մեկ հոգի, կամ, եթե պատվիրակություն չէր ներկայանալու հնարավորություն չունենային այդ մասին մեզ հայտնելու»:

«Սա, կարծում եմ, դեմարշ է, էթիկայից դուրս է, ցավում եմ այս դեմարշի համար», – ասել է Հարությունյանը:

Ի պատասխան Զուրաբյանը լրագրողներին ասել է, թե իրենք սպասել են մինչեւ 9:55` տեսնելու համար, թե արդյո՞ք Առաքելյանի խափանման միջոցը կփոխվի,

քանի որ իշխանական պատվիրակների կողմից նման երաշխիքներ են ունեցել, ու քանի որ դա տեղի չի ունեցել, իրենք նման որոշում են կայացրել:

«Սա շախմատ է, որում հակառակորդը սեղանի ներքեւից ոտքերով հարվածում է, նման շախմատ մենք խաղացողը չենք»,- ի պատասխան հայտարել է Զուրաբյանը:

Դավիթ Հարությունյանը նշել է նաեւ, որ այսպիսով ընդդիմությունը ցույց է տալիս, թե բանակցությունները շարունակելու քաղաքական կամք չունի:

Զուրաբյանը Հարությունյանին` հեռակա պատասխանել է, թե այդ «իշխանությունները չունեն քաղաքական կամք բանակցությունները շարունակելու համար»:

«Մենք 2 ռաունդ փորձել ենք փրկել այս երկխոսությունը, գնացել ենք բոլոր քայլերին, որոնք անհրաժեշտ են, որ երկխոսությունը փրկվի: Իրենք սրանով ցույց տվեցին, որ լուրջ չեն վերաբերվում այս ամբողջ գործընթացին»,- հայտարարեց Զուրաբյանը:

© Medialab.am