Մեծահարուստները կապիտալը դուրս են բերում Դուբայից․ ինչու է վտանգվել «անվտանգ հանգրվանի» իմիջը. DW

Իրան-ԱՄՆ և Իրան-Իսրայել լարվածության ֆոնին հարուստ ներդրողներն ու գործարարները սկսել են իրենց կապիտալի մի մասը դուրս բերել Դուբայից՝ այն տեղափոխելով Սինգապուր և Շվեյցարիա։ Պատճառը Պարսից ծոցում աճող ռազմական ռիսկերն ու ԱՄԷ-ում թիրախների նկատմամբ հարվածներն են։

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, Դուբայը երկար տարիներ համարվել է Մերձավոր Արևելքի ամենակայուն և անվտանգ ֆինանսական կենտրոններից մեկը, սակայն պատերազմի ֆոնին այդ իմիջը սկսել է խարխլվել։

Հոդվածում նշվում է, որ իրանական հրթիռային և դրոնային հարձակումներից հետո Դուբայի և Աբու Դաբիի ֆոնդային շուկաները կտրուկ անկում են ապրել, զբոսաշրջությունը նվազել է, հյուրանոցների զբաղվածությունը 70-80 տոկոսից ընկել է մինչև 20 տոկոսի, իսկ Դուբայի օդանավակայանում չվերթների թիվը կրճատվել է մոտ երկու երրորդով։

Շվեյցարական մասնավոր բանկերը սպասում են Պարսից ծոցի երկրներից տասնյակ միլիարդավոր դոլարների ներհոսքի։ Միևնույն ժամանակ, շատ ներդրողներ ամբողջությամբ չեն հեռանում Դուբայից, այլ պարզապես դիվերսիֆիկացնում են իրենց ակտիվները՝ երկարաժամկետ խնայողությունները տեղափոխելով ավելի անվտանգ համարվող երկրներ։

Չնայած ռիսկերին՝ փորձագետները կարծում են, որ եթե հրադադարը պահպանվի, Դուբայը կարող է արագ վերականգնել իր դիրքերը՝ շնորհիվ ցածր հարկերի, խոշոր ենթակառուցվածքային նախագծերի և միջազգային բիզնես կենտրոնի իր կարգավիճակի։