Հայաստանում ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է . Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է . Նիկոլ Փաշինյան
Հայաստանում ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է . Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Աբովյան քաղաքի ընտրողների ակտիվորեն մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին և երկրում վերահաստատել ժողովրդի իշխանությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Աբովյանում՝ մասնակցելով  համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երթին՝ ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու  Գրիգոր Գուլյանի:

Վարչապետը հույս հայտնեց, որ հունիսի 9-ին Աբովյանի ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն ընտրություններին, կանեն իրենց քայլը հանուն ազատության, օրինականության և ժողովրդավարության, բայց ամենակարևորը՝ հանուն քաղաքացու հաղթանակի:

«Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անվերադարձ։ Կարծում եմ, որ բոլորս գիտենք՝ բացառապես դուք եք որոշում, թե ով կլինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետ, գյուղապետ , պատգամավոր, վարչապետ։ Ամեն անգամ թե տեղական ինքնակառավարման, թե համապետական ընտրությունները պետք է դարձնենք ժողովրդի  իշխանության վերահաստատման տոն: Հունիսի 9-ին գնացեք ընտրատեղամասեր և վերահաստատեք ձեր իշխանությունը Աբովյան քաղաքում և Հայաստանում: Հայաստանի Հանրապետությունում իշխանության տերը և ապավենը ժողովուրդն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին», եզրափակեց Փաշինյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին:

Որպես թեկնածու է առաջադրվել նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: