ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով հետևում է շուկայում գնային քաղաքաանությանը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ վերջին օրերին տարբեր ապրանքների գների բարձրացման հետ կապված դիտարկումներին: Մասնավորապես, սպիրտի գնի բարձրացման հետ կապված, Գեղամ Գևորգյանը նշեց, որ դա շուկայում նկատվում է հունվարի 1-ից և ամենևին կապ չունի կորոնավիրուսի տարածման հետ:
«Սպիրտի գնի բարձրացումը ԵԱՏՄ պարտավորություն է: Հարկային օրենսգիրքը հստակ սահմանում է այդ ապրանքի վաճառքի նվազագույն շեմը, այսինքն՝ այն, որ նշվում էր, թե մի քանի օր առաջ 300 դրամով էր վաճառվել, հիմա 3000 և ավելի դրամ է դարձել, դա չէր կարող համատարած բնույթ կրել: Տնտեսավարողն իրավունք չուներ 300 դրամով վաճառել, դա կլիներ խախտում»,-ասաց Գեղամ Գևորգյանը: ՏՄՊՊՀ-ն, իհարկե, չի բացառում այն, որ որոշ տնտեսավարողներ կարող են օգտվել իրավիճակից, և ԵԱՏՄ պարտավորությամբ պայմանավորված բարձրացված գնի շեմից ավելի թանկացնել սպիրտը, այդ դեպքում պատասխանատուները հորդորում են հստակ հասցեով դիմել իրենց, որպեսզի շուտ կարողանան հայտնաբերել:
Անդրադառնալով ալյուրին՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս ապրանքի գինը չի թանկացել: ՏՄՄՊՀ-ի նախագահը վստահեցրեց, որ թե Երևանում, թե մարզերում համակ ուշադրությամբ հետևում են գներին: Նա վստահեցրեց, որ խախտումների հետ կապված գործերի նյութերը հավաքագրում են, օրենքը խախտողները պատասխանատվության են ենթարկվելու:
«Մենք արդեն երկու վարույթ հարուցել ենք ալկոգելի հետ կապված: Փորձ է արվել ինտերնետով բարձր գնով վաճառել: Եթե կլինեն նույնիսկ առանձին անհատներ, որոնք կփորձեն օգտվել իրավիճակից, տարբեր կայքերով թանկ վաճառել ապրանքը, ապա նյութերը կուղարկվեն համապատասխան կառույցներին: Հայաստանում ունենք ալկոգել արտադրող 3 խոշոր ընկերություններ, որոնց հետ ամենօրյա կապի մեջ ենք, վստահեցնում եմ, որ իրենց կողմից գնի բարձրացում չի եղել»,-ասաց Գեղամ Գևորգյանը:
Դիմակների հետ կապված թանկացումներ եղել են: Գեղամ Գևորգյանը նշեց, որ դիտարկում են, թե պահեստներում եղած ապրանքը ինչ գնով է ձեռք բերվել, թանկացումների դեպքում փորձում են կանխել: Ներկայում, Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ համաշխարհային շուկայում դիմակների գները բարձրացել են, սակայն Չինաստանից արդեն սկսել են գնային առաջարկներ անել: Մարտի 16-ի դրությամբ Չինաստանից Հայաստանին 84 դրամով մեծածախի առաջարկ է եղել:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ Հայաստանում ապրանքների գնման սահմանափակման անհրաժեշտություն չեն տեսնում: