Հայաստանում կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացվածների թիվը կհասնի 600-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով մեկուսացված անձանց թիվը կհասնի 600-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի: Հնարավոր է, որ ևս մի քանի հարյուրը մեկուսացվեն, դրանից հետո կկիրառվի միայն ինքնամեկուսացման սկզբունքը»,- ասաց Թորոսյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: