Թբիլիսիի քահանաները պատերազմ են սկսել կորոնավիրուսի դեմ

Փետրվարի 15–ին Համայն վրաց պատրիարք–կաթողիկոս Իլյա Երկրորդը Սուրբ Երրորդության մայր տաճարում մատուցած պատարագի ժամանակ հայտարարել է․ «պատահական չէ, որ աշխարհը համակած «ժանտախտը» շրջանցել է Վրաստանը», և երախտագիտության աղոթք հնչեցրել։

Սակայն արդեն փետրվարի 26–ին Վրաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Մարտի 17–ին արդեն վարակվել էր 34 մարդ, ավելի քան հազար մարդ կարանտինի մեջ է։

Չնայած դրան՝ պատրիարքարանը չի հրաժարվում մի շարք ծեսերից և պատարագի որոշ տարրերից համաճարակի ժամանակահատվածում։

Նշվում է, որ ներկայիս պանդեմիան մարդկության պատմության մեջ առաջինը չէ, և երբեք եկեղեցին այդ պատճառով չի փոխել իր ավանդույթներն ու ծառայության տարրերը, չի փոխելու և այժմ։

Խոսքը, մասնավորապես, գնում է հաղորդության ժամանակ բոլորի համար մեկ գդալ օգտագործելու, խաչը, սրբապատկերները համբուրելու մասին։

Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտը հայտարարել է, որ հաղորդության ժամանակ օգտագործվող գինին հակասեպտիկ է, և կոչ է արել հավատացյալներին կորոնավիրուսից պաշտպանվելու համար օրհնված ջուր օգտագործել։

Երազում հայտնված հեծյալ, որը «կհաղթի կորոնավիրուսը Վրաստանում»

Երկու շաբաթ անց՝ այն հայտարարությունից, թե կորոնավիրուսը շրջանցել է Վրաստանն, Իլյա Երկրորդը կիրակնօրյա պատարագի ընթացքում պատմել է իր երազի մասին։

Պատրիարքը հեծյալ է տեսել, որը թռչում էր երկնքում։ Այնուհետև նորածինն ափում փշրել է հողն ու ճակատին քսել։

Իլյա Երկրորդը հայտարարել է, որ դա ի վերուստ նշան է այն մասին, որ մարդը խաչի օգնությամբ հաղթահարելու է «ժանտախտը»։

Եկեղեցիների ախտահանումն ու զանգեր հնչեցնելը՝ որպես պանդեմիայի դեմ պայքարի միջոց

Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հայտարարությունից հետո, որ մարտի 11–ից պանդեմիա է հայտարարվում, նաև Վրաստանում տանյակներով հայտնաբերված դեպքերի հաստատվելուց հետո պատրիարքարանը եկեղեցիներն ախտահանելու խնդրանքով դիմել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:

Պատրիարքարանին հակասեպտիկ է նվիրել մի գործարար, և տաճարներն ախտահանվել են։

Ինչպես պարզաբանել է պատրիարքարանի՝ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար սարկավագ Անդրիա Ջագմայիձեն, ախտահանիչով մաքրվել է հատակն, աթոռները, դռները, սակայն՝ ոչ սրբապատկերները։ Սակայն, նա նշել է, որ այդ ամենն, առանց այդ էլ, ամեն օր մաքրվում է սպիրտ պարունակող վարդաջրով։

Մարտի 15–ին Սուրբ Երրորդություն մայր տաճարում կայացել է հերթական կիրակնօրյա պատարագը, որին հսկայական թվով հավատացյալներ են մասնակցել։ Ծառայությունը մատուցել է պատրիարքի տեղապահը։ Թե ինչու ներկա չէր 87-ամյա Իլյա Երկրորդը, հայտնի չէ։

Փոխարենը հայտնի է դարձել, որ պատրիարքն, այնուամենայնիվ, հրահանգել է պանդեմիային հակազդելու համար միջոցներ ձեռնարկել․

• այժմ կեսօրին բոլոր եկեղեցիներում հնչում են զանգերը,

• բոլորը պետք է «Հայր մերն» ու այլ աղոթքներ արտասանեն,

• ամեն օր հարկ է նաև կարդալ սրբերի կենսագրությունները և օրհնված ջուր օգտագործել։

Սակայն համաճարակաբաններն այլ բան են հորդորում բնակչությանը․

• հաճախ լվանալ ձեռքերը,

• օգտագործել բացառապես սեփական սպասքը,

• խուսափել մարդկանց կուտակման վայրերից։

Վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ աշխարհիկ իշխանությունը չի պատրաստվում միջամտել եկեղեցու գործերին։

«Մենք եկեղեցուն որոշ խորհուրդներ ենք տվել։ Սակայն իրավիճակը դեռ նրան չի հասել, որ արգելող գործիքներ կիրառենք», — հայտարարել է Գախարիան։

Ազգային–ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վերջին հետազոտության համաձայն (հրապարակվել  2020 թ–ի հունվարի 16–ին)՝ կաթողիկոս Իլյա Երկրորդին լիովին վստահում է հարցվածների 66,3 տոկոսը։ Եկեղեցու վարկանիշը կազմել է 50 տոկոս։

Վերջին մարդահամարի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 83 տոկոսն ուղղափառ է։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը Վրաստանում՝ ավանդական հաղորդության ծեսից հրաժարվել է Բապտիստական–ավետարանչական եկեղեցին։ Դրա եպիսկոպոս Ռուսուդան Գոցիրիձեն «Նեթգազեթիին» ասել է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում անթույլատրելի է, որ հաղորդության ժամանակ հավատացյալներն օգտվեն միևնույն սպասքից։

Նույն կերպ է հարցին մոտենում նաև Վրաց կաթոլիկ եկեղեցին։

JAMNEWS