Տաք ջուրը կորոնավիրուսից չի փրկում․ միֆն ու իրականությունը. Fip.am

Սոցիալական ցանցում և որոշ մեդիաներում տարածվում են տեղեկություններ, թե տաք ջուր խմելով հնարավոր է օրգանիզմում ոչնչացնել նոր տիպի կորոնավիրուսը։

Տարածվող հրապարակումների հիմնական բովանդակությունը հետևյալն է․ «Մինչև կորոնավիրուսը հասնում է թոքերին, 4 օր մնում է կոկորդում։ Այս ընթացքում առկա է լինում կոկորդի ցավ և հազ։ Եթե շատ խմեք տաք ջուր կամ կոկորդը ողողեք տաք աղաջրով, քացախաջրով, լիմոնաջրով, վիրուսը կոչնչանա»:

Տարօրինակ է, բայց որևէ գիտական հիմնավորում չունեցող այս նյութը ֆեյսբուքյան օգտատերերից միայն մեկի էջից տարածվել էր մոտ 40 հազար անգամ։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել տաք ջրի «առասպելական» և գիտականորեն ապացուցված հատկությունները։

Կորոնավիրուսի դեմ՝ եռացրած ջրով

Սոցիալական մեդիա հարթակներում հայտնված՝ տաք ջրով կորոնավիրուսից բուժվելու մեթոդները, փաստորեն, չմնացին միայն սոցիալական ցանցերում։ Գրեթե միաժամանակ Մալայզիայի առողջապահության նախարարն իր երկրի բնակչներին խորհուրդ տվեց ոչ շատ տաք եռացրած ջուր խմել և այդ կերպ պաշտպանվել վիրուսից։ Նախարարի այս կոչը քննարկումների առիթ դարձավ այդ երկրի խորհրդարանում, իսկ տարբեր փորձագետներ և լրատվամիջոցներ ուշադրության տակ առան տաք ջրի թեման։ 

Մինչ տաք ջրով վիրուսը սպանելու մասին լուրերը, սոցցանցերում շրջանառվում էին 15 րոպեն մեկ անգամ ջուր խմելու և բերանն անընդհատ խոնավ պահելու միջոցով վիրուսից պաշտպանվելու մեթոդի մասին նյութերը։ Մասնագետները բազմիցս են համոզվել, որ ջուրը և հատկապես՝ ոչ շատ սառը ջուրը, օրգանիզմի համար ունի օգտակար հատկություններ և առնվազն չի կարող վնասակար լինել։ Դրանով հանդերձ, սակայն, տաք ջուրը չի պաշտպանում կորոնավիրուսից։ Կորոնավիրուսի նախորդ տեսակը՝ SARS-ը, օրինակ, դիմանում էր մինչև 56 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Բայց այդ ջերմաստիճանի ջուր խմելը կամ տաք ջրով լոգանքը որևէ կերպ չի ազդում մարդու ներքին ջերմաստիճանի վրա և չի կարող բարձրացնել  այն։ Բարձր ջերմաստիճանի ջրով լոգանքը, մյուս կողմից, կարող է վնասել օրգանիզմն ու այրվածքների պատճառ դառնալ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում տաք ջուր խմելն օգտակար լինել չի կարող։

Նույնը վերաբերում է նաև հրապարակման մեջ առկա մյուս մեթոդներին․ կիտրոնով ջուրը, քացախաջուրը և այլ միջոցներ չեն հեռացնում վիրուսը մարդու օրգանիզմից և չեն կարող օգնել պաշտպանվել դրանից։ Համենայնդեպս, այդ ամենն ապացուցող որևէ փաստ առկա չէ։

Անի Ավետիսյան

www.Fip.am