«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երրորդ հաղթող (տեսայութ)

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երրորդ հաղթող (տեսայութ)
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երրորդ հաղթող (տեսայութ)

 
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երրորդ հաղթող է ճանաչվել «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` ամենօրյա եթերային լացուկոցի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:

 

Փոստի միջոցով «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ «Արմենիա» հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալն էր` սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:

Երկրորդ հաղթողը «Շանթ»-ի «Բանակում» սերիալն էր` զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն և հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ և կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:

«Բանակում»-ին մրցանակ շնորհելը, սակայն, ոչ միանշանակ ընդունվեց այն մարդկանց կողմից, որոնք, առանց խորանալու ենթատեքստի մեջ, այդ սերիալը դիտարկում են որպես զուտ ժամանցի միջոց: Որոշ անհատներ, որոնց համար մրցանակաբաշխության չափանիշը հեռուստաարտադրանքի սոսկ անմակարդակությունն է, քննադատում էին «Չենք լռելու»-ին և անգամ ենթադրություններ հնչեցնում այլ հեռուստաընկերությունների կողմից մեծ գումար ստանալու և պատվեր կատարելու մեջ: Ֆեյսբուքում նույնիսկ մրցանակաբաշխության արդյունքները չեղյալ համարելու պահանջով խումբ ստեղծվեց: Մեկ այլ բացված խումբ էլ կոչվում էր «”Բանակում”-ը արժանի է»:

Հավելենք նաև, որ մրցանակի շնորհման հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դ. Կարապետյանը «Երկիր» թերթի հետ զրույցում կիսել է «Բանակում» սերիալի հետ կապված «Չենք լռելու»-ի մտահոգությունը` հայտնելով, որ ՊՆ-ն ստեղծագործական խմբին է հայտնել իր նկատառումները:

«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա այս ամսվա վերջին, իսկ այսօրվա ֆավորիտ դարձած «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված.

http://www.youtube.com/watch?v=lv0mz5CdbL0

© Medialab.am