«Բավականին լուրջ հիմքեր կան մտածելու, որ Փաշինյանը ցանկանում է փոխել երկրի ստրատեգիական կողմնորոշումը». Արման Գրիգորյան

Լուսանկարում Արման Գրիգորյանը (Լուսանկարը՝ Արման Կարախանյանի )

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը 

– Պարո՛ն Գրիգորյան, կարծիք կա, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, դեռ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, եղել է ռուսամետ՝ մերժելով արևմտյան ուղղությունը, ինչը, ըստ այս կարծիքի հեղինակների, պատճառն է այսօրվա վատ իրավիճակի, որի մեջ հայտնվել է Հայաստանը։ Համակարծի՞ք եք այս թեզին։

– Այդ մեղադրանքը, իսկապես, արդեն երկար ժամանակ է, ինչ հետևողականորեն տարածվում է Հայաստանում՝ իրենց արևմտամետ հռչակած ինչ-որ մարդկանց կողմից։ Մեղադրանքը հիմնված է այն ծիծաղելի ենթադրության վրա, թե երկրներն իրենց անվտանգության համակարգերն ընտրում են բացառապես այս կամ այն երկրի կամ կոալիցայի նկատմամբ համակրանքների հիման վրա` չկաշկանդված որևէ այլ բանով։

Իսկապես դժվար է ավելի զավեշտական ենթադրություն անել միջազգային հարաբերությունների մասին ընդհանրապես ու Տեր-Պետրոսյանի մոտիվների մասին մասնավորապես։ Նա Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատեց այն ժամանակ, երբ մենք պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, որի թիկունքին կանգնած էր Արևմուտքի մաս հանդիսացող ու մեզ բացահայտ կերպով սպառնացող Թուրքիան։

Հիշեցնեմ նաև, որ Արևմուտքն այն ժամանակ Թուրքիային քաջալերում էր հատուկ դեր ստանձնել Կովկասում ու Միջին Ասիայում։ Հիշեցնեմ նաև, որ Տեր-Պետրոսյանը ղեկավարներից մեկն էր մի շարժման, որն առաջնորդեց Ռուսաստանից Հայաստանի անկախացման գործընթացը և որը մարտահրավեր էր նետել ավանդական նարատիվին, ըստ որի Հայաստանը չէր կարող Ռուսաստանից անկախ գոյություն ունենալ։ Տեր-Պետրոսյանի ռուսամետ լինելու մասին պնդման հետ կապված միակ հետաքրքիր բանն այն է, որ այդ որակի պնդումներն ու «մտքերը» առավոտից իրիկուն ծաղրուծանակի չեն ենթարկվում։

– 2018-ից հետո նրանք, ովքեր դեմ էին արտաքին քաղաքականության ռուսական վեկտորին հետևելուն, ասում էին, որ ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորի ուղղությունը, իսկ ռուսականի կողմնակիցներն ասում էին, որ վեկտորի փոփոխությունը կբերի շատ վատ հետևանքների։ Այս երկու մոտեցման մասով ձեր դիտարկումները խնդրեմ։ Ի՞նչ արտաքին քաղաքականություն որդեգրեց փաշինյանական իշխանությունն ի վերջո։

– Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն առաջարկողներն այն ժամանակ և դրանից հետո պարտավոր էին պատասխանել մի երկու պարզ հարցի. առաջին՝ եթե Ռուսաստանը չի բավարարում մեր ակնկալիքները մեր անվտանգության ու հավակնությունների առումով, պատրա՞ստ է արդյոք Արևմուտքը դրանք բավարարել։

Երկրորդ՝ երբ ինչ-որ մարդիկ այս հարցին դրական պատասխան են տալիս, պետք է հարցնել, թե ինչի՞ վրա է հիմնված նրանց համոզվածությունը։ Արևմտյան ոչ մի երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, նույնիսկ չի ակնարկել, որ մեզ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ երաշխիքներ տրամադրելու մտադրություններ ունի։ Հակառակը՝ նրանք տարբեր առիթներով սառը ցնցուղ ընդունելու են ուղարկել որոշ հայ լրագրողների, որոնք փորձել են նրանցից այդ կարգի ակնարկներ կորզել։ Ոչ ոք չի բացատրում նաև, թե այդ ի՛նչ շահեր են նրանց ստիպելու նման քայլի դիմել։

Երրորդ՝ քաղաքական վեկտորի փոփոխություն առաջարկողները մի կողմից շատ վատ կարծիք ունեն Ռուսաստանի մասին՝ որպես նեոիմպերիալիստական, տոտալիտար երկրի, որը միջոցների միջև ընտրություն չի կատարում հարևաններին իր կամքին ենթարկելու գործում, մյուս կողմից` Ռուսաստանի պոտենցիալ հակազդեցությունը կարծես նրանց չի անհանգստացնում։ Իսկ նման հակազդեցությունից պետք է անհանգստանալ, նույնիսկ եթե Ռուսաստանը որևէ իմպերիալիստական մոտիվ չունի։

Ինչ վերաբերում է Փաշինյանի որդեգրած արտաքին քաղաքականությանը, ես կարծում եմ՝ դա պատրանքների ու կլիշեների վրա հիմնված, անհետևողական, իրադրություններին ոչ ադեկվատ կերպով հակազդող մի բան է, որին դժվար է նույնիսկ քաղաքականություն պիտակը փակցնել։ Ու դա միայն արտաքին քաղաքականությանը չի վերաբերում։ Փաշինյանն ու իր շրջապատը գրանդիոզ երազանքներն ու դրանց մասին ճամարտակելը շփոթում են քաղաքականության հետ, համենայնդեպս, շփոթում էին մինչև պատերազմը։ Պատերազմից հետո էլ նրանք արդեն քաղաքականություն չեն վարում, նրանք ֆուտբոլային խաղի են մասնակցում, բայց ոչ որպես խաղացող, այլ որպես գնդակ։

– Դասական իմաստով՝ Հայաստանը արտաքին քաղաքականություն վարե՞լ է, պարո՛ն Գրիգորյան, դեռ առաջին նախագահի իշխանության տարիներից սկսած։

– Իհարկե վարել է։ Առաջին նախագահի ու իր թիմի արտաքին ու անվտանգային քաղաքականության գերխնդիրը երկու հիմնական, փոխկապակցված, նաև միմյանց հետ ակնհայտ հակասության մեջ գտնվող նպատակներին հասնելն էր՝ Արցախի ազատագրում և միաժամանակ հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Մյուս խնդիրը, որը նույնպես ներքին լարում ուներ, միաժամանակ Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումն էր, որը չէր բացառում նաև Արևմուտքի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացումը։

Նրանց ջանքերն առաջին ուղղությամբ տվել էին իրենց պտուղները հնարավոր լավագույն պայմաններով։ 1997 թ. փուլային պլանը Արցախի փաստական ազատագրումն ամրագրող փաստաթուղթ էր, միաժամանակ խաղաղության հաստատում Ադրբեջանի հետ, ինչն իր հերթին ապահովելու էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

Տեր-Պետրոսյանի թիմին նաև մեծ հաշվով հաջողվեց և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ պահպանել ու զերծ պահել Հայաստանը նրանց մրցակցության թատերաբեմ դառնալու վտանգից։ Ճիշտ է, Արևմուտքում որոշ շրջանակներ սկսեցին խանդով վերաբերվել Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններին ու Տեր-Պետրոսյանին համարել ոչ իրենց մարդ, որովհետև այդ շրջանակները չեն սիրում, երբ մեր երկրի պես երկրներն այդ կարգի ինքնուրույնություն են դրսևորում, բայց մեծ հաշվով Հայաստանին հաջողվեց պահպանել բալանսը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։

Ու դա ավելի կհեշտանար, Հայաստանի ինքնուրույնությունն ու մանևրի դաշտն ավելի կընդլայնվեին, եթե արցախյան հակամարտությունը լուծվեր 1997 թ. փուլային տարբերակով։ Բայց տեղի ունեցավ 1998 թ. հեղաշրջումը, ու հետո գիտենք արդեն՝ ինչ տեղի ունեցավ։

Այն, որ առաջին նախագահի ու իր թիմի որդեգրած քաղաքականությունը չտվեց ցանկալի պտուղներ, ոչ թե արտաքին քաղաքականության ձախողումների, այլ երկրի ներսում տեղի ունեցած քաղաքական փոփոխության հետևանք էին։

– Ստեղծված իրավիճակում ի՞նչ արտաքին քաղաքականություն ունենք։ Վեկտորի ուղղությունը պա՞րզ է։

– Բավականին լուրջ հիմքեր կան մտածելու, որ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է փոխել երկրի ստրատեգիական կողմնորոշումը։ Նրանք ի սկզբանե համարել են, որ նման փոփոխությունն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման համար։ Նրանք նաև համոզել են իրենք իրենց ու մեր ժողովրդի մի հոծ զանգվածի, որ ռուսները՝ որպես դաշնակից, մեզ լքել են, հետևաբար մենք էլ պետք է նրանց լքենք։

Նրանք հավանաբար մտածում են նաև, որ հիմա հարմար պահն է նման բան անելու, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացած են ռուս-ուկրաինական պատերազմի վրա։ Բայց նրանք, ինչպես նաև այս նարատիվը ժողովրդի վրա վաճառող մերձիշխանական ուժերն ու վերլուծաբանների բանակն այդպես էլ չեն կարողանում հոդաբաշխ պատասխաններ տալ կողմնորոշման փոփոխության հետ կապված մի քանի ակնհայտ հարցի, որոնց մասին ես արդեն խոսել եմ ձեր երկրորդ հարցին պատասխանելիս։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am