Ստեփան Սաֆարյան. Հայաստանի ընտրությունները գնալով վեր են ածվում ընտրական թրաֆիկինգի

Ստեփան Սաֆարյան. Հայաստանի ընտրությունները գնալով վեր են ածվում ընտրական թրաֆիկինգի
Ստեփան Սաֆարյան. Հայաստանի ընտրությունները գնալով վեր են ածվում ընտրական թրաֆիկինգի

«Ժառանգություն» կուսակցության առանցքային գործիչ Ստեփան Սաֆարյանը գրառում է կատարել իր անձնական բլոգում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Մայիսի 6-ի ընտրություններից հետ իմ մոտ այլ իմաստ ստացավ «մարդկանց առեւտուր» /trafficking/ հասկացությունը եւ հայեցակարգը: 20-րդ ու 21-րդ դարերի միջազգային հանրությունը ներմուծեց այս տերմինը, որպեսզի խուսափի ստրկություն բառը գործածելուց, թեպետ այն ինչ նկարագրվում է իբրեւ թարֆիքինգ, միանգամայն ստրկություն է: Ու պատահական չէ, որ վերջերս գոնե ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի համարձակությունը հերիքեց` խոսել ժամանակակից ստրկության մասին: Այն ինչ պատմում են Ռուսաստանում կամ անգամ Եվրոպայում ապօրինի հայտնված մեր միգրանտ հայրենակիցներն ու բարեկամները, ոչ միայն մղձավանջ է, այլեւ նորօրյա ստրկության տխուր պատմություն, երբ մեր տխրահռչակ հայրենակիցներից մինչեւ օտարներ օգտագործում-շահագործում են նրանց աշխատուժը` չվճարվելով դրա դիմաց, հաճախ էլ բռնությունների ենթարկելով եւ այլն:

Բայց համաձայնեք, որ մարդկանց առեւտուրը միայն մարդու աշխատուժը, մարմինը շահագործելը, մարդուն իբրեւ ապրանք գնելն ու դիտարկելը չէ, նրա կյանքի հետ տարբեր խաղեր խաղալը չէ: Մարդկային առեւտուր եմ համարում մարդու կյանքի ու արժանապատվության հետ կապված ցանկացած իրավունքի գնումը եւ շահագործումը: Իսկ դրանց մեջ մտնում է նաեւ նրանց խիղճը, ընտրելու ազատությունը գնելը: Հետեւաբար, Հայաստանի ընտրությունները գնալով վեր են ածվում մարդկանց զանգվածային առեւտրի` ԸՆՏՐԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ, քանի որ հասարակության մի զգալի հատված իր կամքով կամ պարտադրված ներգրավված է այդ հրեշավոր հանցագործության մեջ:

Եւ հասարակությունը այս ամենում մեղավորներից վերջինն է: Իրական պատասխանատուն բոլոր այն քաղաքական ուժերն են` կոալիցիոն երեք ուժերը հավասարապես, ովքեր կազմակերպված տեսք են տվել ընտրական թարֆիքինգին, ովքեր մեղքը գցում են «հանրային պահանջարկի հետ», սակայն իրականում իրենք են թե առաջարկ, թե պահանջարկ ձեւավորողը:

Այսքանից հետո Հայաստանի իշխանությունները դեռ զարմանում են, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս թրաֆիքինգի երկրների ցանկից:

Պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն ոչինչ չի արվում, որ մեր երկիրը այդ ցուցակից դուրս գա, այլ ճիշտ հակառակը` ամեն ինչ արվում է, որ այդ խմբի մեջ Հայաստանը ավելի խորը թաղվի:

Այսքանից հետո մի զարմացեք, որ ամեն մի կազմակերպություն` կրոնական, ոչ կրոնական, սեռական ու այլ, իրենց կարող են թույլ տալ, որ իրենք էլ են մասնակից դառնում մարդու կյանքի ու արժանապատվության անքակտելի մասը կազմող այլ իրավունքների արռքուվաճառքից` մեկը խիղճ է գնում, մյուսը` մարմին, մեկ ուրիշը` հոգի: Այս ամենի թիվ 1 պատասխանատուն իշխանություններն են: Նրանք են Ընտրական թարֆիքինգ կոչվող կազմակերպված հանցագործության հեղինակը»:

Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցություն

© Medialab.am