«Չենք լռելու».Ստեփանակերտցիներին զրկում են բնական լույսից, իսկ հետո ահաբեկում ոստիկանությամբ

«Չենք լռելու».Ստեփանակերտցիներին զրկում են բնական լույսից, իսկ հետո ահաբեկում ոստիկանությամբ
«Չենք լռելու».Ստեփանակերտցիներին զրկում են բնական լույսից, իսկ հետո ահաբեկում ոստիկանությամբ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Ստեփանակերտի ներկայացուցչին են դիմել Արցախի մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի մի խումբ բնակիչներ` հայտնելով, որ փողոցում գտնվող կանաչապատ տարածքում, որի կենտրոնում տեղադրված էր Անահիտ դիցուհու արձանը, բնակելի շենքից 6-7 մետր հեռավորության վրա, մեծ շինություն պիտի կառուցվի, որը հարակից շենքերի ամբողջ երկու հարկ կզրկի բնական լույս ստանալու հնարավորությունից։

Թե ում է պատկանում տվյալ շինությունը, շենքի բնակիչներից ոչ ոք կոնկրետ չգիտի: Թեև շինություն կառուցելու համար ստացված թույլտվությունը ոմն Դավիթ Սարգսյանի անունով է, սակայն շենքի բնակիչների և ԼՂՀ ազգային ժողովի երիտասարդ մի պատգամավորի միջև տեղի ունեցած լեզվակռվից նրանք որոշակի ենթադրություններ են անում:

Բնակիչների հավաստմամբ, շինարարական նորմերի համաձայն, տվյալ շինությունը նման հեռավորության վրա կարող է ունենալ 2-4 մետր բարձրություն, այնինչ կառուցվող շինությունը 10 մետրից էլ բարձր է։

Ստեփանակերտցիները 33 ստորագրությամբ դիմումներ են ուղարկել ԼՂՀ նախագահին, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն և Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն հարցը որևէ լուծում չի ստացել: Ավելին` բնակիչները ահաբեկվել են ոստիկանության կողմից:

«Չենք լռելու»-ն պահանջում է Ստեփանակերտի իշխանություններից շտապ լուծում տալ խնդրին, իսկ իրավապահ մարմիններից` հետաքննել ոստիկանության կողմից մարդկանց ահաբեկման հետ կապված մեղադրանքները:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. http://www.youtube.com/watch?v=ylf_q9WKvIk

© Medialab.am