Կորոնավիրուսի այս ցուցանիշներով չեմ կարծում, որ Եվրոպայում մեզ համար սահմանը կբացեն. Ստեփան Գրիգորյան

Եվրամիության կողմից Հայաստանի հետ սահմանները չբացելու որոշումը պայմանավորված է միայն Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճով, այլ պատճառներ չեն կարող լինել։ Ինչ-որ փուլում, երբ Հայաստանում վարակի թվերը կնվազեն, ԵՄ անդամ երկրները դարձյալ կբացեն սահմանները։

«Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Այն իրավիճակը, որը մենք ունենք կորոնավիրուսի հետ կապված, այդ պայմաններում լրիվ հասկանալի է, որ  ԵՄ-ն սահմանները դեռ չի բացելու մեզ համար։

Վարակվածության ցուցանիշները մեզ մոտ բավական բարձր են, այո, պայքարը գնում է, բայց դրական արդյունք դեռ չկա։ Ես կարծում եմ՝ իրոք դա է պատճառը, ուրիշ ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Euronews-ի տեղեկություններով՝ Բրյուսելում պաշտոնյաները քննարկում են, թե որ երկրների քաղաքացիները կկարողանան հուլիսի 1-ից` միջազգային արտաքին սահմանները բացելուց հետո, մուտք գործել Եվրամիության տարածք: 

Euronews-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրներին, գրել է, որ կա երկու ցուցակ, մեկը այն երկրներն են, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք, իսկ մյուսը` արգելված երկրների ցուցակը:

Հայաստանը, ըստ այդ տեղեկատվության, չի ներառվել երկրների ցանկում, որոնց քաղաքացիները սահմանների բացումից հետո կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Եվրոպայի սահմանները չեն կարող հավերժ փակ մնալ, քանի որ եվրոպական երկրները տուրիզմի ոլորտից հսկայական եկամուտներ են ստանում։ Բայց ներկայում սահմանների բացումն աստիճանական է լինում։

«Բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում եվրոպական երկրներ, դա նրանց կյանքի զգալի մասն է, քանի որ տուրիզմն ապահովում է աշխատատեղեր, եկամուտներ է բերում։

Օրինակ՝ նույն Իսպանիայում բյուջեի 1/3-ը ձևավորվում է տուրիզմի ոլորտից։ Նրանք չեն կարող հրաժարվել զբոսաշրջիկներից, պետք է սահմանները բացեն, բայց պարզ է, որ քայլ առ քայլ են բացում, նայում են՝ որ երկրում վարակվածության թվերը մեծ են, այդ երկրի հետ սահմանները չեն բացում»,- ասում է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը մեր տարածաշրջանում սահմանները բացել է Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար, քանի որ այդ երկրներում համաճարակի դեմ պայքարն ավելի արդյունավետ է։

«Վրաստանն էլ է սահմանները բացել, բայց այդ ցուցակում մենք չկանք։ Ի՞նչ է, վրացիները չե՞ն ուզում Հայաստանի համար բացել։ Իհարկե նրանք շահագրգռված են բացել, քանի որ տարեկան 1 մլն մարդ է Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնում Վրաստան։ Բայց այս ցուցանիշներով, չեմ կարծում, որ մեզ համար սահմանը կբացեն»,- նշում է Ստեփան Գրիգորյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am