Բերձորի մասով Ադրբեջանը ամեն ինչ կանի, որ շատ շուտ այդ քաղաքն իրեն հանձնվի. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ադրբեջանական կողմն ի՞նչ նպատակով է Արցախում դիմում սադրանքների։

– Ադրբեջանի սադրանքները շատ պարզ նպատակ են հետապնդում. նրանք ցանկանում են, որ Հայաստանն արագ կառուցի Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը, որը կմիացվի ադրբեջանցիների կողմից արդեն իսկ կառուցված ճանապարհահատվածին, ու Հայաստանն արագ կազատի Բերձորը։ Նրանք վերջին օրերին նաև տեղեկատվական արշավ էին սկսել ու պահանջում էին արագ իրենց հանձնել այդ տարածքը, որից հետո էլ սկսվեցին ռազմական գործողությունները։

– Այդ սադրանքները չեն դադարի, քանի դեռ Հայաստանը չի կառուցել Լաչինի այլընտրանքային ճանապա՞րհը, թե՞ հնարավոր կլինի առանց դրա կանխել ադրբեջանական ագրեսիան։

– Ես կարծում եմ, որ, ամեն դեպքում, իրենք կշարունակեն այդ գործելաոճը, մանավանդ որ մենք տեսնում ենք՝ Արցախում ռուս խաղաղապահներն անգործության են մատնված, բացարձակապես չեն ցանկանում միջամտել ռազմական գործողություններին, իսկ Հայաստանի բանակի վերջին ստորաբաժանումները դուրս գալուց հետո, ակնհայտորեն, Արցախի պաշտպանության բանակն էլ չի կարող մեծամասշտաբ ագրեսիայի դիմակայել։ 

Երեկվա դեպքերը նախազգուշական էին, ու նրանք կշարունակեն այդ գործելաոճը, քանի դեռ ուժ չեն տեսել կամ դիվանագիտական ճակատում ինչ-որ պայմանավորվածությունների չեն հասել։ Բայց Բերձորի մասով նրանք լուրջ զիջումների չեն գնա, ամեն ինչ կանեն, որ շատ շուտ այդ քաղաքն իրենց հանձնվի։

– Պարո՛ն Վարդանյան, իսկ ինչո՞ւ է ռուս խաղաղապահ առաքելությունը, ինչպես ասում եք՝ անգործության մատնված։

– Քանի որ նրանց նպատակը Հայաստանի, Արցախի համար զոհվելը չէ։ Ռուսաստանի նպատակն այն էր, որ այստեղ լինեին իր խաղաղապահները, ու այդ հակամարտությունն ամբողջովին վերցներ իր ձեռքը, դրա համար մենք տեսնում ենք, որ նրանք անգործության էին մատնված և՛ Խծաբերդում, և՛ Փառուխի դեպքերի ժամանակ, երեկվա դեպքերի ժամանակ նույնպես։ 

Պետք է շատ լավ գիտակցենք, որ իրականում նրանք այստեղ չեն եկել որպես խաղաղապահ, նրանք այստեղ են Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար, որպեսզի կարողանան այս տարածաշրջանում և հակամարտությունում ներկայացված լինել։ 

– Այդ դեպքում Հայաստանի իշխանությունն ի՞նչ պետք է անի, երբ տեսնում է, որ, ինչպես ասում եք՝ ռուս խաղաղապահներն իրենց վստահված առաքելությունը չեն կատարում։

– Որքան գիտեմ՝ Հայաստանի իշխանություններն այս մասին բազմիցս բարձրաձայնել են Ռուսաստանի նախագահի մոտ, բայց տրվել են միայն խոստումներ, ու որևէ գործնական քայլ այս ուղղությամբ չի արվել։ 

– Իսկ Հայաստանի իշխանությունը չի՞ կարող այլ քայլերի դիմել, եթե տեսնում է, որ Ռուսաստանը խոստումներից զատ բան չի անում։

– Միակ քայլը Ադրբեջանին ռազմական ճանապարհով զսպելն է, բայց չգիտեմ՝ մենք դրան որքանո՞վ ենք պատրաստ։ Իսկ Ռուսաստանի կողմից չեմ տեսնում, որ մոտ ապագայում լուրջ հակազդեցություն կլինի։ Լուրջ հակազդեցություն կարող է լինել միայն 2025 թվականի մոտակայքում, եթե Ադրբեջանը պնդի, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից։

– Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ հայկական կողմը պատրաստ է անգամ այսօր Ադրբեջանի համար ապահովել Հայաստանով անցնող ճանապարհներ, որոնցով նրանք կկապվեն Նախիջևանի հետ։ Նախ՝ այս հայտարարությունն ինչպե՞ս եք մեկնաբանում, ու, ըստ ձեզ, Ադրբեջանն ինչո՞ւ է հրաժարվում, Փաշինյանի ասած, այս ընձեռված հնարավորությունից։

– Նրանք ուզում են ճանապարհն ունենալ, բայց դա Հայաստանը չվերահսկի, այն ունենա արտատարածքային կարգավիճակ, դրա համար օգտագործում են «միջանցք» եզրույթը։ Նրանց նպատակը սա է, և այս ուղղությամբ լուրջ ճնշումներ են գործադրում Հայաստանի նկատմամբ։

– Պարո՛ն Վարդանյան, այդ ճնշումներն ի վերջո կծառայե՞ն նպատակին։

– Կարծում եմ՝ միջանցքի մասով չեն ծառայի, որովհետև դա Հայաստանի համար կարմիր գիծ է, ու այդ միջանցքը ուժով գրավելու փորձը լուրջ հակազդեցության կհանդիպի նաև Իրանի, Արևմուտքի ու, հնարավոր է՝ նաև Ռուսաստանի կողմից։ Այս մասով դժվար թե Ադրբեջանը որևէ հաջողության հասնի։

– Իսկ Արցախո՞ւմ։

– Կարծում եմ՝ այո՛, Բերձորը կանցնի նրանց վերահսկողության տակ։

Քրիստինե Աղաբեկյան