Փարիզ, 21 հոկտեմբերի
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երեքշաբթի օրը սկսել է իր հինգ տարվա ազատազրկումը՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիից իր նախընտրական քարոզարշավի համար անօրինական ֆինանսավորում ստանալու գործով քրեական դավադրության մեղադրանքով։ Նա ժամանել է Փարիզի «Լա Սանտե» բանտ՝ դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին ֆրանսիացի առաջնորդը, որը իրականում բանտ է ընկնում։
70-ամյա նախկին նախագահը, որը ղեկավարել է Ֆրանսիան 2007-2012 թվականներին, դուրս եկավ տնից՝ կնոջ՝ երգչուհի Կառլա Բրունիի հետ ձեռք ձեռքի տված, մինչ նրա աջակիցները վանկարկում էին «Նիկոլա, Նիկոլա» և երգում Ֆրանսիայի հիմնը։
Սարկոզին, որը դատապարտվել էր նախորդ ամսին, հայտարարել է, որ անմեղ է և իրեն ներկայացնում են որպես վրեժխնդրության և ատելության զոհ։ «Այսօր բանտ է ուղարկվում ոչ թե նախկին նախագահը, այլ անմեղ մարդը»,-գրել է նա «X» սոցիալական ցանցում։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերզը»:
Դատարանը մեղավոր էր ճանաչել Սարկոզիին՝ իր թիմի հետ միասին 2007-ի քարոզարշավի համար Լիբիայից գումար ստանալու դավադրության մեջ, սակայն նա անձամբ այդ գումարները ստանալու կամ օգտագործելու մեջ արդարացվել է։ Նրա փաստաբանները դիմել են վաղաժամկետ ազատման խնդրանքով, որը կարող է դիտարկվել մոտ մեկ ամսվա ընթացքում։
Սարկոզին, ամենայն հավանականությամբ, կպահվի բանտի մեկուսացված հատվածում՝ միայնակ խցում և անվտանգության նկատառումներով առանձին ժամանակ անցկացնելով բացօթյա տարածքում։ Խցերը 9-12 քմ են, ներառում են անձնական ցնցուղ և հեռախոս օգտագործելու հնարավորություն։
Նա «Le Figaro»-ին ասել է, որ բանտում իր առաջին շաբաթվա ընթացքում իր հետ կտանի երեք գիրք, այդ թվում՝ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստոն», որը պատմում է անարդարաբար բանտարկված մարդու վրեժի պատմությունը։
Սարկոզիի ազատազրկումը քաղաքական մեծ աղմուկ է բարձրացրել Ֆրանսիայում․ աջերը և աջ ծայրահեղականները դատապարտում են դատարանի որոշումը՝ այն համարելով «քաղաքականացված»։ Միևնույն ժամանակ, որոշ քաղաքական գործիչներ այն դիտարկում են որպես Ֆրանսիայի արդարադատության խստացման նշան սպիտակ օձիքով հանցագործությունների նկատմամբ։
Չնայած դատական խնդիրներին՝ Սարկոզին շարունակում է մնալ ազդեցիկ գործիչ Ֆրանսիայի քաղաքական դաշտում։ Նախագահ Էմանուել Մակրոնը, որը ջերմ հարաբերություններ ունի Սարկոզիի և Բրունիի հետ, նույնիսկ հանդիպել է նրան բանտարկությունից առաջ, իսկ արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ կայցելի նրան բանտում։



















