Արդյոք Բաքուն պաշտոնապես դիմել է ՀՀ-ին Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով․ տնօրենի մեկնաբանությունն ու իշխանությունների լռությունը. Factor

Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանում շինաշխատանքները շարունակվում են, կրակոցներ այս պահին չկան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։

Երեկ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը գրել էր, որ Բաքուն պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով՝ մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։  Մինչ այս «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրինությունը բազմիցս հայտարարել է, որ կառուցվող գործարանը շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում: «Բաց աղբյուրներում դրված է, որ Ադրբեջանը դիմել է Հայաստանին։

Այս պահին մեկնաբանություն չունեմ, որովհետև դեռ ուզում եմ հասկանալ՝ ինչ արձագանքներ կան։ Շարունակում եմ պնդել, որ աշխատանքները չեն դադարեցվի»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Հարցին՝ ինչպես կվարվեն, եթե ՀՀ իշխանությունները որոշում կայացնեն դադարեցնել աշխատանքները, Հակոբյանն ասաց, որ իշխանությունները դեռ չեն արձագանքել։

«Երբ ՀՀ իշխանությունները դիրքորոշում հայտնեն, բոլորս կիմանանք միանշանակ․ ես ինքս էլ չգիտեմ՝ ինչ դիրքորոշում ունեն, հիմա չեմ փորձի մեկնաբանել ՀՀ ղեկավարության արձագանքը»,- ընդգծեց Հակոբյանը։ Արդյո՞ք Բաքուն նման պահանջով դիմել է ՀՀ-ին․ մինչ այս պահը Factor.am-ին չի հաջողվել պետական որևէ գերատեսչությունից այս հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ։ Հավելենք, որ մեկ ամիս առաջ մետաղաձուլական գործարանի տարածքում տեղադրվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: