Անձնական վիրավորանքներ`ընդդեմ պրոֆեսիոնալ հարցադրումների. Իգիթյանը մի քիչ ժամանակ ունի (Տեսանյութ)

Անձնական վիրավորանքներ`ընդդեմ պրոֆեսիոնալ հարցադրումների. Իգիթյանը մի քիչ ժամանակ ունի (Տեսանյութ)
Անձնական վիրավորանքներ`ընդդեմ պրոֆեսիոնալ հարցադրումների. Իգիթյանը մի քիչ ժամանակ ունի (Տեսանյութ)

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը հայտարարություն է տարածել` ի պատասխան հոկտեմբերի 12-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում հաղորդման հյուրերից Լևոն Իգիթյանի իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ հաղորդումն ընդհանուր առմամբ նվիրված էր Երեւանի քաղաքաշինությանն ու ճարտարապետական «զարգացումներին»: Բանավեճին մասնակցում էին ինչպես քաղաքի ճարտարապետական նկարագրով մտահոգ երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն, այնպես էլ իշխանությունների եւ հատկապես Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի «շինարարական» քաղաքականությանն աջակից Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ու ռեժիսոր Միքայել Դովլաթյանը:
Ստեղծված իրավիճակում անզոր որեւէ ծանրակշիռ փաստարկ բերելու, Դովլաթյանն ու Իգիթյանը փորձում էին ամեն գնով ցույց տալ, որ մայրաքաղաքի օր-օրի կորող դիմագիծն ու պատմությունը, եւ քաղաքաշինական-ճարտարապետական նման իրավիճակը, լիովին արդարացված է: Քանի որ բանավեճն ընթանում էր հիմնականում «անիմաստ փաստարկներ եւ անձնական վիրավորանքներ ընդդեմ պրոֆոսիոնալ հարցադրումների» ֆորմատով, Լեւոն Իգիթյանը փորձում էր Սարհատ Պետրոսյանին վարկաբեկելու շնորհիվ խուսափել նրա բարձրացրած կարեւոր հարցերին պատասխանելուց եւ շեղել հաղորդման ընթացքը: Այսօր արդեն, Սարհատ Պետրոսյանն հայտարարություն է տարածել`մի քիչ ժամանակ տալով Իգիթյանին:

Սարհատ Պետրոսյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«2012 թվականի հոկտեմբերի 12-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում հաղորդման հյուրերից Լևոն Իգիթյանը ներկայացրել է իմ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող, բացահայտ սուտ տեղեկություններ:

Մասնավորապես հաղորդման ընթացքում նա ասել է, թե իբր ես հրապարակել եմ հոդված, որում նշել եմ որ Նարեկ Սարգսյանը իբր թե պետական փողերով մեկնել է ինչ որ տեղ, ինչպես նաև երբ ինձ հարցրել են թե. «ես ինչո՞ւ եմ սուտ տեղեկություն տարածել», ասել եմ թե «լա՛վ եմ արել, թող ինձ դատի տան»:

Լևոն Իգիթյանը դրանով իսկ տարածել է իրականությանը չհամապատասխանող, բացարձակ սուտ տեղեկություն, որը պարունակում է ակնհայտ վարկաբեկիչ գնահատականներ և արատավորում է իմ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։

Նույն հաղորդման ընթացքում Իգիթյանը հայտարարել է, թե ես ուսանողական տարիներին վատ եմ սովորել և այդ պատճառով համալսարանից իմ հեռացման խնդիր է դրված եղել։

Ավելին. նա նշել է, որ այդ գործընթացները դադարեցվել են այն ժամանակ Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի նախկին դեկան Նարեկ Սարգսյանի շնորհիվ, իմ ծնողների խնդրանքից հետո միայն։ Այս տեղեկությունը ևս չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իմ պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական համբավը։

Վերոնշյալ, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակային ներկայացումը, բացի այն, որ արատավորում է իմ պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական համբավը, նաև վարկաբեկում է իմ անձը և վարկը որպես հասարակական գործունեություն իրականացնող ճարտարապետ, ինչպես նաև` որպես նույն համալսարանի դասախոսի: Կարծում եմ, որ այդ գործողությունները նպատակ ունեն հանրության առջև ստվերել իմ մասնագիտական և հանրային գործունեությունը։

Նշված անձնավորությունը կատարել է ևս մեկ հայտարարություն, որը նույնպես սուտ է: Վերջինս նշել է, թե նա ինձ դասավանդել է։ Այդ տեղեկությունը ևս, ինչպես նախորդ երկուսը չեն համապատասխանում իրականությանը:

Հաշվի առնելով այս փաստը ես, ՀՀ քաղաքացի Սարհատ Պետրոսյանս, Լևոն Իգիթյանից պահանջում եմ և տալիս եմ հնարավորություն մինչև 2012թ.-ի նոյեմբերի 3-ը, ժամը 18-ը հերքելու իր կողմից իմ անձի վերաբերյալ ներկայացված վերոնշյալ, իրականության չհամապատասխանող, իմ պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական համբավը արատավորող տեղեկությունները՝ հերքումը հրապարակելով նույն կամ այլ զանգվածային լրատվության միջոցում, օրինակ որևէ օրաթերթում որն ունի առնվազն 1500 օրինակից բարձր տպաքանակ, ինչպես նաև առցանց տարբերակ։

Այդ հերքման չտպագրման դեպքում, ես, որպես իրավունքը խախտված անձ ՀՀ Սահամանդրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածների և ՀՀ այլ օրենքների համաձայն, լինելով իրավական պետության ոգուն հավատարիմ անձնավորություն, հարկադրված կլինեմ պաշտպանել իմ իրավունքները դատական կարգով՝ պահանջելով նաև օրենքով սահմանված համապատասխան փոխհատուցում:

Սույն հայտարարության մեջ նշված` Լևոն Իգիթյանին ուղղված պահանջը, ես 2012 թվականի հոկտեմբեր 24-ին նաև գրավոր ձևով, փոստի միջոցով ուղարկել եմ Լևոն Իգիթյանին իր հասցեով»,-նշված է Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ:

Օրեցօր ջնջվող Երեւանի պատմության, մայրաքաղաքի ճարտարապետության մասին տես նաեւ «Մեդիալաբի» հոդվածն ու ֆոտոպատմությունը:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=XuEXJhSeKh0